Ըստ Turan գործակալության՝ Թուրքիան «Շահդենիզ-1» նախագծի շրջանակում անցյալ շաբաթ դադարեցրել է Ադրբեջանից գազի ներմուծումը:
Ադրբեջանական գազի մատակարարումը դադարեցվել է պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ: Habertürk-ը նշում է, որ կողմերը դեռ չեն կարողացել համաձայնության գալ նոր համաձայնագրի շուրջ, ինչի հետեւանքով ադրբեջանական գազի մատակարարումը Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով դադարեցվել է։
«Շահդենիզ 1» գազային նախագծի գործարկման համաձայնագիրը ստորագրվել է 1996-ի հունիսի 4-ին Բաքվում, Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է նույն թվականի հոկտեմբերի 17-ին:
«Շահդենիզ 1» նախագծի բաժնետերերն են British Petrolium (28,8%), Petronas (15,5%), SOCAR (16,7%), LUKoil (10%), NICO (10%), TPAO (19%) ընկերությունները:
«Շահդենիզ» նախագծի շրջանակում գազի եւ գազի կոնդենսատի արտահանումից Ադրբեջանի շահույթը կուտակվում է Նավթի պետական հիմնադրամում: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Ադրբեջանի պետբյուջեի հիմնական մատակարարն է:
«Շահդենիզ-1» հանքահորից գազի հիմնական գնորդը Թուրքիան է։ Ադրբեջանական գազը Թուրքիա հասցնելու համար կառուցվել է Հարավային Կովկաս գազային խողովակաշարը: