Փորձառու եւ իմաստուն գործարար էր, բայց Հայաստանում նախընտրում էր բարեգործությամբ զբաղվել: Մարդասիրական ասպարեզում շատ բան արեց, մեծ ներդրում ունեցավ, բայց այսօր էլ համոզված եմ, որ Հայաստանը շատ ավելին կարող էր ստանալ նրա գործարար-կառավարչական փորձառությունից: Վերջերս հաճախ կրկնվող այն միտքը, որ սփյուռքի լավագույն մասնագետների փորձն ու հմտությունները Հայաստան բերելն ավելի արդյունավետ կարող է լինել, քան նրանց նվիրատվությունները, կարծես թե գրված լինի Հրայր Հովնանյանի մասին:
Տարբեր համայնքներում իմ դիտարկումներից հանգել եմ այն եզրակացության, որ ցանկացած բնագավառում բարձր դիրքերի հասած մասնագետները «ինքնաբերաբար» հեռանում են համայնքային կառույցներից ու նաեւ համայնքային կյանքից, մի տեսակ «պաղում» ու անտարբեր դառնում ազգային հարցերի նկատմամբ: Իհարկե, կան նաեւ բացառություններ, ու այդ բացառություններից էր նախկին իրաքահայ ընտանիքը՝ Հովնանյանները, որոնք համաամերիկյան մասշտաբով ճանաչված շինարարական մեծ ընկերություն ստեղծելով հանդերձ, երբեք չկտրեցին կապը հայությունից, ապրեցին ու շնչեցին ազգային խնդիրներով (մի առանձին անդրադարձի արժանի նյութ է նրա հսկայական դերը Armenian Assembly-ի ստեղծման գործում, նաեւ աջակցությունը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին):
Իր եւ իր ընտանիքի մասին լսել էի 80-ականներից, բայց անձամբ ծանոթացա 1998-ին, երբ սկսեցի աշխատել որպես «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ Հովնանյանը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր:
Տարեկան նիստերի ժամանակ իր պահվածքն ու խոսքը կտրուկ տարբերվում էին բոլորից: Խորհրդի անդամներից ոմանք ունեին խիստ «պաշտոնական» դիրք, տարեկան մի օր «ղեկավար» էին դառնում մի կառույցի, որի հոգսուցավից առանձնապես տեղյակ չէին, ուրիշները, ներկայացնելով հայաստանյան կամ սփյուռքյան այս կամ այն կառույցը, ապահովում էին ձեւական ներկայություն, գուցե նույնիսկ մտովի «Հայաստան» հիմնադրամը իրենց ինչ-ինչ ծրագրերում մրցակից համարելով:
Հրայր Հովնանյանը այն բացառիկներից էր, որ իրեն պահում էր որպես իսկական ՀՈԳԱԲԱՐՁՈՒ այդ բառի բուն ու ազնիվ իմաստով, այսինքն՝ մարդ, որը տվյալ կառույցի հոգը (հոգսը) բառնում է (բարձրացնում-հանում է) նրա ուսերից: Այլ կերպ ասած, Հրայր Հովնանյանը՝ որպես կառավարչական մեծ փորձ կուտակած եւ ազգային նկարագիր ունեցող անձնավորություն, գործադիր տնօրենի տարեկան հաշվետվության սեղմ շարադրանքի տողերի արանքում անմիջապես տեսնում ու պատկերացնում էր Հիմնադրամի գլխավոր խնդիրներն ու խոչընդոտները, մի տեսակ մտնում էր գործադիրի մաշկի մեջ եւ մատը դնելով ամենացավոտ հարցերի վրա՝ անմիջապես էլ հարցի լուծման գործնական առաջարկ էր անում:
Նկատել եմ, որ նույնպիսի սրտացավությամբ էր նա մոտենում հարցերին, երբ բարձր պաշտոնյաներ, կառավարության անդամներ իր խորհուրդն էին հարցնում կամ իր հետ քննարկում համապետական նշանակության որեւէ հարց՝ յուրատեսակ (երբեմն ոտքի վրա, երբեմն որեւէ առիթով սեղանի շուրջ) հանպատրաստից «նիստ» անելով: Նա կառավարության անդամ չէր, ոչ էլ որեւէ գերատեսչության մեջ էր, բայց սիրով մասնակցում էր այդ «անպաշտոն» խորհրդակցություններին:
Բանն այն է, որ մեր հասարակությունը թեեւ խորհրդային պայմաններում գործարար, առեւտրական, նախաձեռնողական ոգի ունեցող հանրության համարում ուներ, իրականում խիստ անպատրաստ էր ազատ շուկայական հարաբերությունների: Մեկ օրվա մեջ հասարակությունը բաժանվեց «միամիտների»՝ մարդիկ, որոնք ոչ միայն ու ոչ այնքան անկարող էին զբաղվել գործարարությամբ, որքան զզվում ու խորշում էին այդ երեւույթից, մանավանդ «վայրի» կապիտալիզմի պայմաններում, եւ մյուս խումբը՝ «աչքաբացները»՝ մարդիկ, որ նետվեցին բիզնեսի նորահայտ աշխարհ, երբեմն առանց այդ ասպարեզի մասին տարրական գիտելիքների, իսկ ոմանց «գիտելիքներն» ու մտահորիզոնը մանրավաճառի պատկերացումներից այն կողմ չէր անցնում:
Ահա այդ պայմաններում չափազանց կարեւոր էր աշխարհի թիվ մեկ տնտեսության մեջ տասնամյակներով գործած, պահանջկոտ օրենսդրության ու դաժան մրցակցության պայմաններում հաջողություններ արձանագրած գործարարների փորձին հաղորդակից դառնալը կամ այդ «դպրոցում» արագացված դասընթաց անցնելը: Ցավոք, դա տեղի չունեցավ կամ եղավ առիթից առիթ՝ պատահական ձեւով:
Եվ այնուամենայնիվ, Հրայր Հովնանյանն իր նախաձեռնություններով, ծրագրերով ու պարզապես իր ապրած կյանքով ճանապարհներ բացեց Հայաստանում, նոր մշակույթ սերմանեց: Նրա փայլուն իրագործումներից մեկը ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայ-ամերիկյան տնաշինական կոմբինատի հիմնումն էր Գյումրիում: Նրա նպատակն էր հենց Աղետի գոտում, որ վերածվել էր հսկա շինհրապարակի, հիմնել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հզոր գործարան, Աղետի գոտին ապահովել որակյալ, ոչ թանկ պատաքարերով, շինարարական տարբեր նյութերով, դուռ-պատուհանով: Միաժամանակ տեղի բնակչությանն ապահովել աշխատանքով, ամերիկյան know-how-ն ներդնել Հայաստանի երկրորդ քաղաքում:
Հիշեցի եւս մի դրվագ: Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին պետությունը, չափազանց սահմանափակ բյուջեի պայմաններում ի վիճակի չէր օգնելու, ուստի այդ գործն իր ուսերին վերցրեց «Հայաստան» հիմնադրամը՝ հատկացնելով ամենամսյա նպաստներ, մինչեւ որ զոհվածների ու հաշմանդամների զավակները կդառնային 17 տարեկան:
Տրվող գումարը մեծ չէր, բայց նման ընտանիքներն այնքան շատ էին, որ մեծ վճարումներ էին ենթադրում: Ծրագրի իրագործման առաջին տարիներին ընդհանուր միջոցներից հնարավոր էր նման վճարումներ կատարել, բայց ժամանակի ընթացքում Հիմնադրամի գրեթե բոլոր մուտքերը դարձան «Նպատակային» եւ շարունակական, երկարատեւ այս ծրագիրը հայտնվեց անելանելի վիճակում: Կարելի էր գտնել բարերար, որ միանվագ նվիրատվություն կատարեր, բայց դա կլիներ ժամանակավոր լուծում, ուստի միակ ճանապարհը Մնայուն (Endowment) ֆոնդ ստեղծելն էր:
Հրայր Հովնանյանին կարիք չկար երկար համոզելու կամ բացատրելու: Երբ Հիմնադրամի ղեկավարությունը ներկայացրեց խնդիրը, նա անմիջապես դրականորեն արձագանքեց՝ ստեղծվեց Գարեգին Ա-ի հիշատակին ձոնված Մնայուն ֆոնդ, որի տարեկան կուտակված գումարներն ուղղվեցին այդ հույժ կարեւոր ծրագրին, որ կարելի է ասել, ազգային արժանապատվության խնդիր էր:
Ընտրված էր օգնության մի ձեւ, որը լայնորեն տարածված է ԱՄՆ-ում, բայց մեզանում մինչ օրս շատ քիչ կիրառություն ունի, ոչ միայն նման ավանդույթի չգոյության, այլեւ համապատասխան կարգավորիչ օրենքի բացակայության պատճառով: Հրայր Հովնանյանի ստեղծած Մնայուն ֆոնդը մի ուղերձ էր այլ գործարարների ու բարերարների՝ ստեղծելու տասնյակ ու հարյուրավոր նման ֆոնդեր, որոնք ոչ այնքան հարուստ երկրում ուղղակի փրկություն կարող էին լինել ոչ միայն սոցիալական հարցերի լուծման, այլեւ կրթության, գիտության, մշակույթի ու առողջապահության բնագավառներում՝ կառավարությանը հնարավորություն տալով սուղ միջոցներն ուղղելու պաշտպանության, անվտանգության եւ նման այլ հարցերի լուծմանը:
Հրայր Հովնանյանը տուն կառուցեց Երեւանում՝ գեղեցիկ ու հարմարավետ տուն՝ հաճախ տարվա մեծ մասը բնակվելով Երեւանում: Այս հարցում էլ նա առաջամարտիկ էր, եւ այդ քայլը հստակ միտում ուներ, փորձում էր օրինակ ծառայել, ոգեւորել բարձր դիրքի հասած հայերին, որ ոչ թե գան իբրեւ զբոսաշրջիկ, այլ ապրեն հայրենիքում, հայրենի միջավայրում, հարազատ ժողովրդի մեջ:
Վախճանվեց ամբողջ աշխարհի ու հատկապես Հայաստանի համար ծանր օրերին: Գուցե դա էր պատճառը, որ իր մեծության ու թողած ժառանգության համեմատ համեստ հիշատակումներ եղան: Կարծում եմ, որ դեռ կգա Հրայր Հովնանյանի ու նրա գործի իրական գնահատման ու արժեւորման ժամանակը, եւ, որ էլ ավելի կարեւոր է, կգա նրա նախաձեռնություններն ու կիսատ թողած ծրագրերը շարունակելու ժամանակը:
Վահան Տեր-Ղեւոնդյան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն