Թուրքիայի Anadolu պետական գործակալությունը Միացյալ Նահանգների նախագահի ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու առթիվ հրապարակել է երկու թուրք փորձագետի գնահատականը,- հաղորդում է inosmi.ru-ն:
Որքան էլ տհաճ լինի, այս պահին, թվում է, ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել հենց թուրքական կողմի արձագանքին:
Եվ այսպես՝ «Յիլդըզ» համալսարանի պրոֆեսոր Ջեմալ Զեհիրը կարծում է, որ «որեւէ [երկրի] նախագահի խոսք չի կարող ցեղասպան դարձնել մի ազգի: Նման որոշում հնարավոր է ընդունել միայն պատմական արխիվային փաստաթղթերի եւ գիտական ուսումնասիրությունների արդյունքում: Այս ամբողջ ընթացքում անցկացված գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայերի ցեղասպանության մեղադրանքներն անհիմն են եւ կեղծ:
Մեր օրերում ինչպես ամերիկյան, այնպես էր արեւմտյան հանրությունների շրջանում սեւ քարոզչության հետևանքով ձեւավորվել է համոզմունք, որը նրանք չեն կարող ապացուցել պատմական փաստաթղթերով: Թուրքիան պայքարում է Սիրիայում ահաբեկչական միջանցքի ստեղծման դեմ: Այժմ մենք գիտենք, որ մեր թշնամին ԱՄՆ-ն է, ղարաբաղյան պատերազմում ԱՄՆ-ը սատարել է Հայաստանին: Մենք նաեւ գիտենք, որ հայկական օկուպացիայի [Լեռնային Ղարաբաղի] 30 տարիներին, չնայած Մինսկի խմբի անդամությանը, ԱՄՆ-ը խնդրի լուծման համար ոչինչ չի արել:
Այսօր Թուրքիան որոշ քայլեր եւ հնարավորություններ ունի՝ պատասխանելու այդ որոշմանը [ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը]: Մենք ԱՄՆ-ի հետ դաշնակիցներ ենք ՆԱՏՕ-ում, բայց չի կարելի թշնամու հետ դաշնակից լինել: F-35-ի ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո՝ տառացիորեն երեք օր առաջ, հասկանալի էր, որ այդպիսի հայտարարություն կարվի: Դա չի կարելի սարսափելի աղետ համարել, պատմական փաստերն առերես են: ԱՄՆ-ը մսխեց իր վերջին հաղթաթուղթը, որ ուներ Թուրքիայի դեմ միջազգային հարաբերություններում: ԱՄՆ-ը այլեւս ոչինչ չունի օգտագործելու»:
Իսկ «Սաքարիա» համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Հակուկ Սելվին ասում է. «Այդ որոշմամբ Բայդենը ցանկանում է տրամադրել Թուրքիային, մոտեցնել իր քաղաքականությանը:
Մյուս կողմից այդ հռետորաբանությունն օգտագործելուն նպաստել է անհանգստությունը, որ Թուրքիան վերջին տասը տարիների միջազգային քաղաքականության մեջ հետեւում է սեփական գծին՝ առաջին հերթին Մերձավոր Արեւելքում եւ Բալկաններում: Ինչպես մերձավորարեւելյան [տարածաշրջանում], այնպես էլ Կովկասում քաղաքականության պլանում ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային լիովին հաշվից դուրս թողնել: Ես դա համարում եմ թեթեւակի ահաբեկում, որպես զգուշացում, սակայն Թուրքիան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում ցուցաբերել է հստակ կեցվածք, եւ ոչ ոք չի կարող քաղաքականություն կառուցել իրադարձությունների վրա, որ չեն եղել, ոչ ոք չի կարող Թուրքիային այս կամ այն կեցվածքը պարտադրել»:
Ասվածը կարելի է համարել Թուրքիայի պաշտոնական արձագանք, ինչից հետեւում է, որ Անկարան Միացյալ Նահանգների նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը միանշանակորեն կապում է վերջին տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումների եւ դրանք հնարավորինս սահմանափակելու կամ ծայրահեղ դեպքում կառավարելի պահելու՝ Վաշինգտոնի մտադրության հետ:
Սուլթանի ուրվականը, կարող ենք արձանագրել, խիստ անհանգստացնում է հավաքական Արեւմուտքին, բայց, թվում է, արդյունավետ հակազդեցության համար պակասում է մի հաշվարկ: Եվրաատլանտյան բեւեռի կողմից «անկյուն քշված» Թուրքիան կարող է վերջնական որոշում ընդունել եւ միանալ, պայմանականորեն ասած, եվրասիական ալյանսին, որի հավանական սահմաններն արդեն իսկ ուրվագծվում են՝ Ռուսաստան-Կենտրոնական Ասիա-Չինաստան:
Թուրք-ադրբեջանական փորձագետները չեն թաքցնում, որ Էրդողանը հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի վեհաժողովում հարցը դնելու է առարկայական. կամ դաշինքը ճանաչում է Թուրքիայի «կենսական շահերը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, Միջերկրականի արեւելքում եւ Բալկանյան-սեւծովյան տարածաշրջանում, հրաժարվում «Քրդստան» նախագծից, կամ Անկարան խզում է եվրաատլանտյան կապերը»:
Որոշ մեկնաբանություններում ուղղակի սպառնալիք է հնչում, որ Թուրքիան կարող է ամերիկացիներին արտաքսել Ինջիրլիքից:
Ցեղասպանության ճանաչումն, այսպիսով, Հայաստանի համար ոչ այնքան հնարավորություն է դառնում, որքան լուրջ մարտահրավեր: Նախ՝ ունենալու ենք հանրային ընկալումը քաղաքական պրագմատիզմով հավասարակշռելու, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ սահմանափակելու խնդիր: Ներկայիս բարդ իրավիճակում թուրք-ադրբեջանական տանդեմին ավելի լավ նվեր, քան Հայաստանի քաղաքական դաշտում եվրաատլանտյան կողմնորոշման գեներացումը կլիներ, դժվար է պատկերացնել:
Երկրորդ՝ ծագում է խորքային-հիմնարար վերլուծության անհրաժեշտություն՝ ԱՄՆ նախագահը չի՞ հաշվարկել Թուրքիայի հնարավոր խզումը ՆԱՏՕ-ի հետ: Բացառվում է: Իսկ եթե դա թուրքական ագրեսիան Եվրոպայից արեւելք շեղելու եւ ռուսական ազդեցության գոտում դանդաղ գործողության ականի տեղադրու՞մ է:
Երրորդ՝ այս փուլում ԼՂ կարգավորման վրա ի՞նչ ազդեցություն կունենա Վաշինգտոն-Անկարա դիմակայությունը, եթե Թուրքիան քայլ անի Ռուսաստանի ուղղությամբ: Սրանք առաջնային հարցերն են: Ավելի խորքային է Հայաստանի առհասարակ քաղաքակրթական ընտրության խնդիրը:
Եթե մենք անվտանգային ռուսական համակարգի մասն ենք, իսկ դա պարզապես կենսական անհրաժեշտություն է, ապա ո՞րն է արեւելա-քրիստոնեական քաղաքակրթության տիրույթի գործնական կարեւորությունը: Ի վերջո, սուլթանի ուրվականը սպառնալիք է նաեւ Ռուսաստանի՞ համար: Հայկական դիվանագիտության ընտրությունը մեծ չէ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։