Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը բանակցությունների առարկա է:
Գերատեսչությունում ընթացիկ շաբաթվա մեջ սպասում են Իրանի միջուկային համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ խորհրդատվությունների:
«Միացյալ Նահանգները չի մեկնաբանում Իրանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, քանի որ պատժամիջոցների վերացումը բանակցությունների առարկա է»,- նշել է Պետդեպի անանուն պաշտոնյան՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքը թեեւ կառուցողական է, սակայն դեռևս ոչ վերջնական:
Ինչպես կիրակի հայտարարել էր Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին, Թեհրանին միջուկային գործարքի վերադարձնելու համար ԱՄՆ-ը պետք է վերացնի մոտ 1500 մարդկանց եւ ընկերությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Արակչին նաեւ հայտնել է, որ չնայած բոլոր դժվարություններին եւ խոչընդոտներին՝ բանակցային գործընթացում նկատելի առաջխաղացում կա: