Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ։ Նախարարությունը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի նոր խմբաքանակ`14000 անձի համար (առաջին բաղադրիչը):
Հիշեցնենք, որ COVAX FACILITY նախաձեռնության միջոցով մարտի 28-ին Հայաստան է ներկրվել AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24000 դեղաչափ: Ապրիլի 8-ին ներկրվել է Sputnik-V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15000 դեղաչափ` 7500 անձի համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ պատվաստվածներից ոչ մեկը որեւէ խնդիր չի ունեցել, բոլորն իրենց լավ են զգում:
Ավանեսյանը շեշտել է պատվաստումների կարեւորությունը՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսից օրական 15-20 մահ է գրանցվում: «Պետք է այս իրավիճակից լուծում գտնվի, եւ դրա միակ լուծումն այս պահին պատվաստումն է, որը 100 տոկոսով կանխում է հիվանդության ծանր ընթացքը եւ մահվան ելքերը: Ուստի կարեւոր է ռիսկերը ճիշտ գնահատել եւ վստահել մասնագետներին, լսել բուժաշխատողներին եւ պատվաստվել»,- ասել է նախարարը:
Առայժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ՝ բուժաշխատողներ, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ։ ՀՀ-ում պատվաստումներն անվճար են եւ կամավոր։