Ապրիլի 25-ին Դադիվանքում հայ հոգեւորականի՝ նախապես որոշված ձեռնադրությունը տեղի չի ունեցել, ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել, նրանք նույն օրը արգելել են նաեւ հայ ուխտավորների մուտքը Դադիվանք: Այդ օրը Դադիվանքում ձեռնադրվելու էր Մայր Աթոռի միաբանությունից Մանվել սարկավագ Սարգսյանը: Ձեռնադրությանը սպասողները դա պատմական իրադարձություն էին համարում, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Դադիվանքում պատերազմից հետո առաջին անգամ ձեռնադրություն էր տեղի ունենալու, եւ Մանվել սարկավագը դառնալու էր Դադիվանքում օծված առաջին հոգեւորականը: Երկու ամիս առաջ նա արդեն ծառայության էր նշանակվել նշանավոր այդ վանքում՝ ազատվելով Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից…
Դադիվանքում քահանայական ձեռնադրության արգելքից հետո նույն օրը երեկոյան այն անցկացվել է Գանձասարի վանքում։ Մանվել Սարկավագ Սարգսյանը ձեռնադրվել է աբեղա եւ վերանվանվել Հայր Աթանաս:
Դադիվանքում նախօրոք համաձայնեցված միջոցառումն արգելելն ու հայ ուխտավորների Դադիվանք մուտքը խոչընդոտելն այսօր դատապարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը համարելով «մարդու իրավունքների կոպիտ խախտում, հայատյացության, հայկական սրբավայրերի եւ հայ ժողովրդի հոգեւոր կյանքի նկատմամբ ոտնձգության հերթական արտահայտություն»:
«Ալիք մեդիա»-ի խնդրանքով Հայր Աթանասը մանրամասներ փոխանցեց ձեռնադրությանը նախորդած դեպքերից.
«Ձեռնադրությունը Դադիվանքում շաբաթներ առաջ էր նախատեսված, բնականաբար վերջին օրը չէր որոշվել: Ռուս խաղաղապահների հրամանատարության միջոցով ադրբեջանական կողմին նախապես հայտնվել է, որ ձեռնադրություն պետք է անցկացվի: Ես արդեն երկու ամիս է՝ նշանակված էի Դադիվանքում, այլ հոգեւորականների հետ: Մարտի 6-ից մենք այնտեղ ենք եղել: Ձեռնադրության հետ կապված ասեմ հետեւյալը. այն բաղկացած է երկու մասից, շաբաթ օրը երեկոյան կատարվում է ընծայումը, իսկ կիրակի օրը՝ պատարագի ընթացքում՝ բուն ձեռնադրությունը: Ես դուրս եմ եկել Դադիվանքից, որ շաբաթ օրը Գանձասարում ընծայումը կատարվի, իսկ կիրակի օրը՝ ուխտավորների՝ Դադիվանք ավանդական այցի օրը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի հետ գնանք, եւ ձեռնադրությունը կատարվի այնտեղ: Քսանհինգ հոգու համար նախապես թույլտվություն էինք ստացել, մոտ մի տասը օր առաջ արդեն հստակեցված էր, որ ապրիլի 25-ին՝ կիրակի օրը, քսանհինգ ուխտավոր է մտնելու Դադիվանք, եւ տեղի է ունենալու ձեռնադրության արարողություն, ընդ որում՝ առանց որեւէ տեսախցիկի, առանց որեւէ լուսաբանման եւ այլն: Ռուսական զինուժի «Զվեզդա» հեռուստաընկերությունը միայն պիտի նկարեր, նրանք գրեթե ամեն կիրակի գալիս են այնտեղ, նկարահանումներ են անում:
Ձեռնադրության որոշված օրվանից մի քանի օր առաջ մեզ հայտնեցին, թե չեն թույլատրում, որ քսանհինգ հոգի այցելի, տասնհինգ հոգի են թույլատրում, ասացինք՝ լա՛վ, տասնհինգ թող լինի: Ուրբաթ օրը երեկոյան, երբ պատրաստվում էինք ուխտավորների հարազատների հետ ճանապարհ ընկնելու (ընթացակարգով անձնագրային բոլոր տվյալները նախօրոք արդեն փոխանցված էր), տասնհինգը դարձրին տասը (ես ու սրբազանը միասի՛ն տասը):
Կիրակի օրը հասանք Դադիվանքի մոտ, ռուս ուղեկցող հրամանատարը գնաց ադրբեջանական դիրք, եւ մոտ 15-20 րոպե հետո վերադարձավ ու ասաց, որ թույլ չեն տալիս մտնել: Պատճառ բերեցին համավարակը: Բնականաբար, պատճառը դա չէ, եւ մեր նախատեսած միջոցառումը խոչընդոտելը զուտ քաղաքական ենթատեքստ ունի: Այսինքն՝ տասը ուխտավորները, որ միշտ այցելում էին (եւ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի միջնորդությամբ), այս անգամ չմտան Դադիվանք: Մենք, իհարկե, կարող էինք առանց ասելու, որ ձեռնադրության ենք գնում, տասը հոգով սովորականի պես գնալ, անցկացնել ձեռնադրությունը, բայց որպեսզի հետո խնդիրներ չառաջանային, չսադրեին եւ այլն, նախապես տեղեկացրինք ձեռնադրության մասին, եւ իրենք մինչեւ վերջին օրը, վերջին պահը որեւէ առարկություն չեն ունեցել, միայն թվաքանակն են պակասեցրել… Պայմանավորվածությունը դրժեցին եւ, համավարակը պատճառ բերելուց բացի, ուրիշ ոչ մի մեկնաբանություն, բացատրություն չտվեցին հետո… Բայց մենք իրենց հետ չէինք առնչվելու, մենք վանք էինք գնում, այնտեղ էլ ռուս խաղաղապահներն են, եւ եթե, ենթադրենք, վարակի տարածում լիներ, իրենց շրջանում չէ, որ պիտի տարածվեր: Առաջիկայում եթե պատվաստվենք՝ թե՛ մենք, թե՛ խաղաղապահները, կարծում եմ, ադրբեջանցիներն այդ ժամանակ էլ մի այլ պատճառ առաջ կբերեն…
Հիմա՝ ձեռնադրությունից հետո, ես իմ քառասունքի պահեցողության շրջանում եմ, մնացել եմ Գանձասարում, որ կիրակի օրը գնամ Դադիվանք: Կգնա՞մ Դադիվանք, թե՞ կհասնեմ Դադիվանքի դիրքին, եւ կրկին կարգելեն, չեմ կարող ասել, քանի որ առանց կանխատեսելու իրենք խախտել են պայմանավորվածությունները, եւ նորից ամեն ինչ սպասելի է»:
Հայր Աթանասի հետ զրույցից տեղեկացանք նաեւ, որ հետպատերազմյան շրջանում, անկախ իրադարձություններից, օր չի եղել, որ Դադիվանքում հայ հոգեւորական չլինի: Այս պահին Դադիվանքում են այնտեղ նշանակված վեց հայ հոգեւորականներից հինգը: Ինքը նույնպես այնտեղ էր, նախանցյալ կիրակի ձեռնադրության պատրաստությունների համար դուրս է եկել Դադիվանքից, Մայր Աթոռում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ստացել նրա օրհնությունը, վերցրել ծիսական արարողակարգի իրերը եւ պատրաստվել երկար սպասված օրվան: Չնայած տեղի ունեցածին՝ նա ասում է.
«Անկախ ամեն ինչից՝ որպես հայ հոգեւորական ծառայել ցանկացած իրավիճակում, ծառայել ցանկացած պայմաններում, իմ զգացողությունները նույնն են, որեւէ բան չի կարող խոչընդոտել թե՛ ժողովրդին, թե՛ եկեղեցուն եւ թե՛ Աստծուն ծառայելու իմ առաքելությունը»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։