ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձինք եւ կառույցները շարունակում են հանդես գալ ԱՄՆ-ին դատապարտող հայտարարություններով։
Անկարան Բայդենի հայտարարությունը բնորոշել է որպես «պատմության կոպիտ աղավաղում»՝ պնդելով, թե այդ քայլը «նպաստում է այն շրջանակների օրակարգին, որոնք փորձում են թշնամություն հրահրել»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Բայդենի որոշումը՝ այն անվանելով անհիմն եւ նշելով, որ դա չի կարող իրավական հիմք լինել փոխհատուցման պահանջների համար:
«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական պնդումների շուրջ բանավեճը, որը քաղաքականացվում է երրորդ երկրների կողմից եւ միջամտության գործիք է դարձել, որեւէ մեկին օգուտ չէ: Մենք չենք կարող թույլ տալ, որ թուրքերի եւ հայերի համակեցության դարավոր մշակույթը մոռացության մատնվի»,- նշել է Թուրքիայի նախագահը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած իր նամակում՝ վստահեցնելով, թե Անկարան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու Հայաստանի հետ:
Թուրքիան մատ է թափ տալիս
Ուշագրավ է, որ թուրք պաշտոնյաներին եւ հանրության որոշ խմբերի «ցեղասպանություն» եզրույթից բացի խիստ վրդովեցրել է, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդնուպոլիս։
Անկարայում որոշ շրջանակներ սկսել են խոսել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը վերանայելու հարցի մասին։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ հակված են կոշտ եւ համարժեք պատասխան տալու Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկման է դրել ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին 13 կետով անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ կրկին հնչեցնելով ժխտողական դրույթներ պարունակող անհիմն պնդումներ:
Ըստ նրա՝ «պատմական իրողությունները հերքվել են ու նենգափոխվել», «ցեղասպանություն» եզրույթը կիրառողները պիտի նայեն իրենց պատմությանը», «քաղաքական հայտարարություններով պատմությունը վերաշարադրելն անհնար է», «պատմությունից թշնամանք քաղելն անօգուտ է», «պատմական իրադարձությունները չպետք է քաղաքականացվեն եւ օգտագործվեն որպես հաշվեհարդար», ««1915-ի դեպքերը» պիտի քննարկեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները» եւ այլն:
Խորհուրդ են տալիս նայել սեփական անցյալին
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թե Միացյալ Նահանգները պետք է սեփական անցյալին եւ ներկային նայի։ «Մենք խստորեն դատապարտում եւ մերժում ենք ԱՄՆ նախագահի ձեւակերպումները, որոնք կրկնում են բոլոր նրանց մեղադրանքները, որոնց միակ նպատակը մեր երկրի նկատմամբ թշնամանքն է»,- հավելել է Թուրքիայի նախագահի խոսնակը։
Նա հայտարարել է, որ առաջիկա օրերին եւ ամիսներին տարբեր կերպ ու տարբեր մակարդակներում կարձագանքեն Բայդենի ուղերձին:
Օրենսդիրի տեսակետը
Թուրքիայի մեջլիսը դատապարտել է Բայդենին՝ օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ուղերձի համար:
Թուրք խորհրդարանականները ամերիկյան առաջնորդին կոչ են արել շտկելու թուրք ազգին խոր վերք հասցրած սխալը, որն անխուսափելիորեն վնասում է երկկողմ հարաբերություններին:
«Մենք հերքում ենք այդ անհիմն հայտարարությունը, մեզ համար դա ոչ մի իրավական ուժ չունի»,- ասված է մեջլիսի բանաձեւում:
Թուրքական դիվանագիտություն. մի խոր վերք է բացվել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն քաղաքական պատեհապաշտություն է որակել ԱՄՆ նախագահի հայտարարությունը եւ նշել, որ մերժում են այն:
Միացյալ Նահանգների նախագահի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը «մի խոր վերք է բացել, որը խարխլում է մեր փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մենք մերժում եւ ամենակոշտ կերպով դատապարտում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը 1915 թվականի վերաբերյալ»,- պնդել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ այն ոչ մի արդյունքի չի հանգեցնելու՝ «ժողովուրդներին պառակտելուց, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վնաս հասցնելուց բացի»։
«Ակնհայտ է, որ Բայդենի հայտարարությունը գիտական ու իրավական որեւէ հենք չունի, ոչ էլ հիմնված է որեւէ ապացույցի վրա»,- հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կոչ անելով ԱՄՆ առաջնորդին «ուղղել այդ մեծագույն սխալը»։
Օսմանյան կայսրության շարքային շառավիղները
Այսօր մի խումբ թուրքեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ։
Երեկ էլ բողոքի ակցիա է կազմակերպվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ: Ցուցարարներից շատերը եղել են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի զինվորական հանդերձանքով, կայսրության դրոշներով: Նրանք կեռ թրերով՝ յաթաղաններով, ազգային պարեր են պարել:
Ցուցարարների կարծիքով՝ Թուրքիային ցանկանում են ճնշել, անկյուն մղել: Նրանք պնդել են, որ որեւէ այլ երկրի նախագահ նման որոշման իրավունք չունի, որովհետև դա իրավական հարց է։
Թուրքիայի ընդդիմության տեսակետները
Թուրքիայի ընդդիմությունն օրակարգ է բերել նաեւ ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու արգելք սահմանելու մասին իր առաջարկը։ Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը պնդել է, որ Թուրքիան անհապաղ լիակատար վերահսկողություն պետք է հաստատի «Ինջիրլիք» ավիաբազայի վրա եւ այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերը 15 օրվա ընթացքում վերադարձնի Միացյալ Նահանգներ:
Թուրքիայի մեկ այլ ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ նախագահ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Բայդենը հայտարարել է ցեղասպանության մասին, ինչից հետո Էրդողանը լռել է երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանը ի պատասխան կմռնչա առյուծի պես, և բոլորը նրան կլսեն։ Սակայն մոռացեք առյուծի մասին, նա իրեն պահել է կատվի պես։ Ցավալի է, բայց փաստ է»,- ասել է Քըլըչդարօղլուն։
Անկարայի եւ Բաքվի համատեղ հակազդեցությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարները շտապել են զանգահարել միմյանց` «քննարկելու ստեղծված իրավիճակը»: Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ:
Երկու երկրների նախագահները քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ձեռնարկել վերջին իրադարձությունների լույսի ներքո»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել է որպես «պատմական սխալ»՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն անընդունելի է համարում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեւլութ Չավուշօղլուի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» մեջ:
Պաշտոնական Բաքուն ափսոսանք է հայտնել Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարության կապակցությամբ։
«1915 թվականի իրադարձությունները պետք է ուսումնասիրեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- կրկնելով պաշտոնական Անկարայի դիրքորոշումը` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է որակել եւ հիշեցրել Իլհամ Ալիեւի խոսքերը, թե Թուրքիայի դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ դեմ է նաեւ Ադրբեջանին:
Փոթորիկ մի բաժակ ջրում
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ Թուրքիայի արձագանքն անվանել է «մեծ փոթորիկ՝ մի բաժակ ջրում»:
Նրա կարծիքով Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերություններն այս իրողությունից հետո չեն խզվի:
Ռուս սենատորը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի շատ դաշնակիցներ վաղուց ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ որոշ եվրոպական երկրներում Ցեղասպանության անգամ ժխտումը քրեորեն հետապնդելի է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Դրան ի պատասխան`Անկարան միայն դիվանագիտական դեմարշների է դիմել։
Թերեւս այս անգամ էլ Թուրքիան կբավարարվի միայն հորդոր, բողոք կամ նախազգուշացում պարունակող հայտարարություններով:
Թուրքիայի ՄԻՊ-ի դիրքորոշումը
Մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչելու ցեղասպանությունը, ներողություն խնդրել հայերից եւ փոխհատուցում տալ զոհերի շառավիղներին:
«Ոգեկոչում ենք ցեղասպանությունը եւ ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարության մեջ Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը hանգամանալից հիշատակել է ապրիլի 24-ին 220 պոլսահայ մտավորականների ձերբակալություններն ու դրանց հաջորդող իրադարձությունները:
«Հայերի գոյությանը վերջ է տրվել պատմամշակութային եւ սոցիալ-տնտեսական բոլոր հյուսվածքներով: Առգրավվել են հայերի ունեցվածքը, հուշերն ու պատմությունը, եւ հազարամյա հայրենիքից գլխովին բնաջնջվել է մի ամբողջ քաղաքակրթություն»,- նշել է Թուրքիայի ՄԻՊ գրասենյակը:
Թուրք գրող. պիտի առերեսվենք անցյալին
Թուրք գրող եւ թարգմանիչ, Հրանտ Դինքին նվիրված հոդվածների ժողովածուի հեղինակ Մուրաթ Ույուրքուլաքն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունն այն ոլորտներից է, որտեղ թուրքերը չեն կարողացել հաղթահարել ատելության, չարության եւ վրեժխնդրության զգացումը։
«Թուրքիայի բնակչությանը պարուրած վայրի ազգայնամոլությունը չի կարող վերանալ, քանի դեռ այդ մեծ պատմական հանցանքի հետ առերեսում տեղի չի ունեցել։ Եթե ուզում ենք կերտել քաղաքակիրթ, բարեկեցիկ, ժողովրդավար պետություն, անպայման պետք է առերեսվենք Հայոց ցեղասպանության հետ։
Մեզ պետք է մտահոգի այն հարցը, թե ինչու 1915-ից առաջ շուրջ 2 միլիոն կազմող հայ ազգից 10 տարի հետո նույնիսկ անունները չմնացին։ Այդ մտահոգությունն այն օղակն է, որը կարող է մեզ կապել մարդկության ու մարդկայնության հետ»,- նշել է գրողը։
Թուրք քաղաքագետ. ցնցում է պետք
Թուրք հայտնի քաղաքագետ, լրագրող եւ հրապարակախոս Ջենգիզ Աքթարն ասել է, թե ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի այսօրվա իշխանությունները նախկինից ավելի վատն են: «Ցեղասպանության ճանաչումը ԵՄ գործընթացի շրջանակում գուցե հնարավոր էր, սակայն այդ առիթը բաց է թողնվել: Թուրքիայում ցեղասպանությունը չի ճանաչվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը բավարար չափով տակնուվրա չի եղել, ինչի արդյունքում «քարը տեղից կշարժվի», եւ հանրային համաձայնություն կձեւավորվի: Թուրքիայի աղետալի իրավիճակը գուցե գլխիվայր շրջվելու սկիզբն է»:
Էրդողանն օգնության է կանչում թուրք պատմաբաններին
Էրդողանը հայտարարել է, թե Անկարան ընկճվել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ: Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահի բառերն այդ առումով անօրինական են եւ պատմությանը հակասող:
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի՝ հարյուրամյա վաղեմության իրադարձությունները քննող հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման առաջարկը դեռ ուժի մեջ է:
«Մենք պատրաստ ենք բացելու մեր արխիվները, մենք 1915-ի մասին փաստաթղթեր ունենք, եկեք, ուսումնասիրեք: Իսկ ա՛յ ԱՄՆ-ը կբացի՞ իր պատմության արխիվները»,- հարցրել է Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ հունիսին ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը նոր էջ կբացվի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
Թուրք պատմաբանը «օգնության է հասնում»
Թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության ուսումնասիրող Սաիթ Չեթինօղլուն, ընդգծելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը, նշել է. «Հայոց ցեղասպանությունը մարդկության աչքերի առջեւ է տեղի ունեցել: Օսմանյան կայսրության, հետագայում նաեւ Թուրքիայի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյա Խալիլ բեյ Մենթեշեն իր հուշերում գրել է, թե շատ քիչ մարդիկ կան, որոնք չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը։
Այսինքն՝ ցեղասպանությանը մասնակցությունը զանգվածային բնույթ է ունեցել։ «Քրիստոնյային սպանի՛ր, նրա կնոջը, որդուն, աղջկան տե՛ր դարձիր, իսլամացրո՛ւ, նրա ունեցվածքն էլ քեզնո՛վ արա»։ Այս որոշում-հրամանը 1915-ի օգոստոսին է հրապարակվել, որով խրախուսվել է ցեղասպանությունը։ Հայ եւ պոնտոսցի հարուստների մահվան շարասյուները հետապնդելով՝ լքյալ գույքին տեր դառնալն էլ ցեղասպանությանը մասնակից դառնալու մի ձեւ էր»։
Չեթինօղլուն ընդգծել է, որ թուրք հասարակության՝ այս հանցանքին մասնակից լինելն այնքան խոր արմատներ ունի, որ ճշմարիտ առերեսումը թուրք մարդու համար նշանակում է ինքն իրեն վնաս տալ եւ քար գցել իր թոռան բարեկեցության վրա։ Այս իրականությունն ընկալելը միայն կօգնի ցեղասպանություն իրագործողների թոռների հետ համագործակցելուն եւ միասին արդարություն փնտրելուն։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը