Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե «ամեն ինչ տանում է նրան, որ Պուտինի հետ հանդիպումը պետք է տեղի ունենա»։
Նա հայտնել է, որ իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին հանձնարարել է հանդիպման ժամկետն ու վայրը որոշելու նպատակով բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հետ։
Ուկրաինայի նախագահն իր երկրի արեւելյան սահմանների մոտ ռուսական զինուժի կուտակման կապակցությամբ ասել էր, թե կցանկանար «Դոնբասի ցանկացած կետում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել լարվածությունը թուլացնելու հնարավորությունը»: Պուտինը հանդիպման վայր էր առաջարկել Մոսկվան։
Զելենսկին բրիտանական Financial Times-ում այսօր տպագրված հարցազրույցում ասել է, թե հանդիպման վայրն իր համար նշանակություն չունի։ Ուկրաինայի սահմանին կուտակված ռուսական զորքերի հետ քաշվելը Զելենսկին «փոքր հաղթանակ» է համարել։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման նպատակով 2015-ին ստորագրված Մինսկի համաձայնագիրն արդիականացնելու կարիք կա։ Նա նշել է, որ Մինսկի գործընթացը ավելի ճկուն պետք է լինի։
Զելենսկին առաջարկել է կա՛մ փոխել բանակցությունների ձեւաչափը, որին մասնակցում են Ուկրաինան, Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ը, կա՛մ ընդլայնել «Նորմանդական քառյակը»՝ հրավիրելով նաեւ ԱՄՆ-ին, Կանադային կամ Բրիտանիային։
Նշենք, որ «Նորմանդական քառյակում» ընդգրկված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան։