Բարեւ Ձեզ, բարով եկաք, իմացա՞ք, Ամերիկան ընդունեց Ցեղասպանությունը, կներեք, մի րոպե էս լուրը լսենք, նոր…
Անհանգիստ փնտրում է հեռակառավարման վահանակը, հեռուստացույցի ձայնը բարձրացնում մինչեւ վերջ ու մի ձեռքով սաստող նշան է անում, որ չխոսենք: Անգիր արած լուրը եւս մի անգամ լսում ու իջեցնում է հեռուստացույցի ձայնը. աչքերը փայլում են ուրախությունից։
Համեցե՛ք, նստե՛ք, ինչ լավ եղավ, Ամերիկան ընդունեց… ՄԵՐՈՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՂԱՎ ԷՍ ԱՆԳԱՄ։
‹‹Մարիա Ջեբեջջեյ Գրգորիեւնա, մաքուր բուլղարացի››,- հեռուստացույցն անջատում ու պարզ հայերենով ներկայանում է մեր զրուցակիցը՝ գյումրեցի Մուսյա տատը:
‹‹Օդեսայի մարզի Կռակովսկայա գյուղից եմ, հայրս դարբին է եղել, մայրս՝ տնային տնտեսուհի, երկու եղբայր, երեք քույր էինք, տեղափոխվեցինք Օդեսա, ավարտեցի ուսումնարանն ու աշխատանքի անցա որպես մեքենագրուհի››,- հակիրճ ներկայացնում է իր մանկությունն ու պատանեկությունը:
Երբ գալիս է սիրո հասակը, կյանքն ու բախտը բուլղարուհի Մարիայի ու հայ, գյումրեցի Գեւորգի ճանապարհները հատում է Օդեսայի հրապարակում. տեսնում են իրար, համակրում։
Գեւորգը ճանապարհում է Մարիային, չի ուշանում հաջորդ հանդիպումը: ‹‹Սիրահարվեցինք։ Հայաստանից նամակ եկավ, Գեւորգին կանչեցին, գնաց, խոստացավ, որ կգա։ Չհավատացի, մտածեցի՝ չի գա։ Եկավ։ Իր ասած ժամանակին եկավ, շատ նվերներ էր բերել՝ գիշերանոց, տապչկա, հա, մեկ էլ գաթա էր բերել, տալիս թխած գաթան, շատ համով էր››:
1964 թվականն էր. 20-ամյա Մարիան ներս ու դրսից սպիտակ հագավ, Օդեսայում հարսանիք արեցին: Հավաքեց ճամպրուկն ու եկավ Հայաստան, մի երկիր, որի մասին չէր էլ լսել: Ծաղիկներով ու առատ սեղաններով դիմավորեցին նորահարսին, այդ օրվանից սկսվեց նոր կյանք նոր երկրում, նոր սովորույթներով ու երբեմն անհասկանալի վարք ու բարքով:
Կյանքում միայն մեկ անգամ է եղել, որ Հայաստան գալու համար զղջա ու որոշի վերադառնալ, պատճառը հիմա է հումորով հիշում. ‹‹Գեւորգի տատը ավելուկով ճաշ եփեց, բոլորը սիրով կերան, միայն ես կտրականապես հրաժարվեցի անգամ համտեսելուց այդ տհաճ տեսքով անհասկանալի ապուրը››: Տատը նախ խիստ վիրավորվել է, ապա նույն խստությամբ էլ վիրավորել հարսին։ Միջադեպ էր, անցել-գնացել է, բայց հիմա արդեն Մուսյա տատն է ավելուկը սիրով եփում ու հյուրասիրում՝ առողջարարության մասին տեղեկությունն էլ ճաշի հետ հրամցնելով:
Տասը հոգանոց ընտանիքով ապրեցին երկու սենյակում, հաղթահարեցին բազմաթիվ դժվարություններ: Մուսյա տատը հիշում է, շատ արագ աշխատանքի անցավ Գյումրու հայտնի ՉՈՒԼՈՉՆԻՈՒՄ, հարյուրավոր կանանց հետ աշխատում էր գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում՝ ամուսնուն թեւ ու թիկունք լինելով: Շուտով նոր տուն էլ ունեցան, կահույք ու կահկարասի էլ:
Արյամբ բուլղարացի, հոգով արդեն հայ Մուսյա տատիկը զավակ ու դուստր մեծացրեց: Ամեն ինչ շատ լավ էր, կյանքը խառնել էր հայի կյանքին, բախտը՝ բախտին։
Ա՜խ այդ հայի բախտը… Ավա՜ղ, նրան էլ բաժին հասավ այդ բախտից. 1988-ի ահեղ երկրաշարժին կորցրեց միակ որդուն՝ Էդվարդին, կորցրեց հոգու մեծ կտորը, բայց ամուր կամքի շնորհիվ իրեն չկորցրեց։ Ապրեց դստեր ու դստեր երկու զավակների համար, նրանց նվիրեց ողջ ժամանակը, ուժն ու եռանդը:
‹‹Խիստ եմ պահել թե՛ երեխաներիս, թե՛ թոռներիս, երբեմն ասում են, որ շատ եմ ճնշել։ Հիմա կայացած մարդիկ են, ճիշտ միջավայրում ու շրջապատում լավ մարդ մեծացան, դա ինձ ոգեւորում է,- բազմանշանակ ժպտում է Մուսյա տատը,- հիմա երկրում չեն, դրսում են ընտանիքներով, տեսազանգով ամեն օր խոսում ենք, ամեն օր կանչում են, ես ամեն օր հրաժարվում եմ, իմը Հայաստանն է, այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, սա իմ տունն է, իմ տնտեսությունը։ Ութ տարի առաջ Գեւորգն ինձ լքեց, սրտի կաթվածը նրան տարավ ինձնից, բայց ես իր տան դուռը չեմ փակի››:
Մաքրակենցաղ, խիստ բծախնդիր տիկինը բոլոր գործերն անում է ժամանակին, հիմա ամանները լվանալու ժամն է։ Լվաց, շարեց արեւին, արեւը՝ փայլուն, ամանները՝ փայլուն. տատի խիղճը հանգիստ է, գործն արված է։
Աչքերն էլ այսօր արեւի ու ամանների պես փայլում են, լավ բան է եղել, ԱՄԵՐԻԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է։
Լուրերի ժամը եկավ, հրաժեշտ է տալիս ու, ինչքան էլ ոտքի ցավը խանգարում է, միեւնույնն է, շտապ քայլերով ներս է վազում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։