Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ կիրակի օրը ակնհայտորեն կեղծ եւ անհիմն պատրվակներով 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք խոչընդոտելու փաստին:
Ինչպես նախօրեին նշել էր «Ալիք Մեդիան», Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները Դադիվանքում նախատեսում էին ձեռնադրման արարողություն կատարել։
«Իրեն մշակութային եւ կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում եւ ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը եւ արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգեւոր վայրեր»,– ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը։
Ըստ Գեղամ Ստեփանյանի` այդ քայլով ադրբեջանական կողմը խախտել է հոգեւոր արարողություններ իրականացնելու համար Դադիվանքի մուտք գործելու մասին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Արցախի ՄԻՊ-ը միջադեպի մասին տեղեկացրել է միջազգային համապատասխան կառույցներին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառելու Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։