ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետները Բաքվին հորդորել են անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կառավարության բացահայտ քննադատ, Գերմանիայում քաղաքական ապաստան ստացած Հուսեյն Աբդուլլաեւին:
Աբդուլլաեւին ձերբակալել էին Թուրքիայում 2018-ի ապրիլին եւ բռնի ուժով տեղափոխել Ադրբեջան: 2019-ի հոկտեմբերին Բաքվի ռազմական դատարանը նրան վեց տարով ազատազրկելու վճիռ էր արձակել:
2020-ի օգոստոսին Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը եզրակացրել է, որ Աբդուլլաեւի կալանավորումը կամայական է՝ իրավական հիմքի բացակայության պատճառով: Խումբը հավելել է, որ միջազգայնորեն պաշտպանված անձին Ադրբեջանին հանձնելու քայլով Թուրքիան ոտնահարել է միջազգային օրենքը:
ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել անհապաղ ազատ արձակել Աբդուլլաեւին՝ միաժամանակ Թուրքիայից եւ Ադրբեջանից փոխհատուցում պահանջելով: