Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի արտգործնախախար Ջավադ Զարիֆին հրավիրել են Իրանի մեջլիս՝ գաղտնի հարցազրույցի արտահոսքի վերաբերյալ բացատրություններ ստանալու:
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Աբոլֆայել Ամուին նշել է, որ խորհրդարանական երկշաբաթյա լսումներում ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն հարցազրույցի արտահոսքի, այլեւ ԱԳՆ-ի գործունեության վերաբերյալ հարցերը:
Թեհրանում կառավարության նիստի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Զարիֆի հայտարարությունների հրապարակումը Իրանի թշնամիների ձեռքի գործն է:
«Ձայնագրությունների հրապարակման նպատակը Իրանում ներքին խժդժությունների հրահրումն է։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ միջուկային ծրագրի ապագային նվիրված բանակցությունները հաջողության գագաթնակետին են հասել», — ընդգծել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք, որ արեւմտյան լրատվամիջոցներում սպրդել են հատվածներ Զարիֆի չհրապարակված հարցազրույցից: Տեքստից բացի՝ հրապարակվել է նաեւ հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ հնչում է իրանական դիվանագիտության ղեկավարի ձայնը:
Ձայնագրությունում, որը նախատեսված էր հրապարակման հունիսին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ավարտից հետո, արտգործնախախարը քննարկում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ջոկատայինների հրամանատար Քասեմ Սուլեյմանիի 2015-ի այցը Մոսկվա:
Հարցազրույցի ձայնագրությունում քննարկվում են նաեւ միջուկային գործարքի ճակատագրին ու կողմերի վերաբերմունքին, Սիրիայի հակամարտությանն ու դրանում Կրեմլի դերակատարությանը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին առնչվող հարցեր: