ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Արմեն Սարգսյանը հայ գերիների հարցով նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։
Սարգսյանը նշել է, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
Հայաստանի նախագահը կարեւորել է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց փոխանակումը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Բաքուն մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է մերժել եւ խոչընդոտել պատանդ վերցված քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների վերադարձը: