Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Morning Consult ընկերությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավորման գրեթե 100 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների նկատմամբ աշխարհի երկրների վերաբերմունքին առնչվող հարցման արդյունքները:
Morning Consult-ը հարցման է ենթարկել 14 երկրի չափահաս բնակիչների: Դրանցից 12-ում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմուքը Բայդենի ընտրվելուց հետո բարելավվել է:
Ապրիլի 16-25-ին անցկացված հարցմանը մասնակցել է հետազոտության մեջ ընդգրկված յուրաքանչյուր երկրի առնվազն 1100 բնակիչ:
Քաղաքական փոփոխություններն ամենից լավ են ընդունել Գերմանիայում, որտեղ նոր վարչակազմի եռամսյա աշխատանքը ԱՄՆ-ի կերպարը բարելավել է 47 տոկոսով:
Ռուսաստանում, հակառակ երկու երկրների միջեւ հարաբերությունների սրմանը, Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի կերպարը ՌԴ-ի բնակիչների շրջանում փոքր-ինչ բարելավվել է: Հունվարի 20-ից ի վեր Միացյալ Նահանգների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքն այժմ կազմում է 43 տոկոս՝ նախկին 40 տոկոսի փոխարեն:
Հասարակական ընկալման մեջ ամենաբացասական փոփոխությունները ԱՄՆ-ի հանդեպ տեղի են ունեցել Չինաստանում: Այստեղ ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը վատթարացել է 13 տոկոսով: ՉԺՀ-ի բնակիչների 74 տոկոսը ԱՄՆ-ն ընկալում է բացասաբար, 9 տոկոսը որոշակի կարծիք չունի, եւ սոսկ 17 տոկոսն է Միացյալ Նահանգներին դրական վերաբերվում:
Հնդկաստանում ԱՄՆ-ի նկատմամբ լավ է տրամադրված հարցման մասնակիցների 79 տոկոսը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի բնակիչներին, սեփական երկրում փոփոխությունները դրականորեն է գնահատել հարցվածների 78 տոկոսը:
Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց հունվարի 20-ին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքի 100-րդ օրը լրանում է վաղը՝ ապրիլի 29-ին: