Valeurs actuelles պարբերականը հրապարակել է Ֆրանսիայի պաշտոնաթող գեներալների եւ սպաների՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղած բաց նամակը: Պաշտոնաթող զինվորականները նախագահին զգուշացրել են ռասայական պատերազմի եւ պետական հեղաշրջման վտանգի մասին:
Ֆրանսիացի ավելի քան հարյուր պաշտոնաթող գեներալներն ու սպաները նշում են կրոնական մոլեռանդներից եւ իսլամիստներից եկող քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին. վերջիններիս օրենքները հակասում են Ֆրանսիայի Սահմանադրությանը:
«Բռնությունն աճում է օրեցօր: Տասը տարի առաջ ո՞վ կգուշակեր, որ երբեւիցե պրոֆեսորը քոլեջից դուրս գալիս կգլխատվի»,- հարցնում են նամակի հեղինակները՝ ահազանգելով նաեւ պետական հեղաշրջման վտանգի մասին: Նամակագիրները Մակրոնին հորդորում են համարժեք քայլեր ձեռնարկել:
«Ինչպես տեսնում ենք, հապաղելու ժամանակ չկա, հակառակ դեպքում վաղը քաղաքացիական պատերազմը վերջ կդնի այս աճող քաոսին, եւ մահերի թիվը, որոնց համար դուք եք պատասխանատվություն կրելու, կսկսի հազարներով հաշվվել»,- եզրափակել են պաշտոնաթող զինվորականները:
Ըստ BBC News-ի՝ ԶԼՄ-ներում հրապարակված ուղերձին հավանություն են տվել ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին լը Պենը եւ գործող շուրջ հազար բանակային սպաներ ու զինվորականներ:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Պառլին ակնարկել է, որ զինված ուժերում ծառայողներին չի թույլատրվում քաղաքական կամ կրոնական հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտել: Կանոնը խախտողների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին իսլամ ահաբեկիչը՝ չեչենական ծագմամբ 18-ամյա ռուսաստանցի վտարանդին, Փարիզից ոչ հեռու ուսումնական հաստատության մոտ գլխատել էր պատմության ուսուցիչ Սամյուել Պատին: Սպանված ուսուցիչն աշակերտների համար ազատ խոսքի դասեր էր անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Դրանից շատ ավելի վաղ մի քանի զինված ահաբեկիչներ Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթահանդեսի խմբագրությունում գնդակահարել էին 12 մարդու, դրանց թվում՝ ութ լրագրողի: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Քաիդա»-ի եմենյան բաժանմունքը: