ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով:
Տիգրան Ավինյանը նշել է, որ պատվաստվել են հենց AstraZeneca-ով, քանի որ ամենաշատ սուտ լուրերը հենց այս պատվաստանյութի մասին են տարածվում:
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ մյուս շաբաթ Հայաստան կներմուծվի 100 000 դեղաչափ չինական պատվաստանյութ՝ 50 հազար անձի համար, որը, ինչպես AstraZeneca-ն, նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Պատվաստանյութը Հայաստանին տրամադրվել է անվճար՝ որպես նվեր, հայկական կողմն ապահովել է միայն դրա տեղափոխումը:
ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ նշել է, որ Հայաստանում արդեն կատարվել է 2641 դեղաչափ պատվաստում:
Նա ընդգծել է, որ 1.1 միլիարդ դեղաչափ պատվաստում է արվել աշխարհի ավելի քան 170 երկրում: Մոտ 200 միլիոն դեղաչափ պատվաստումը կատարվել է AstraZeneca-ով:
Սահակյանը հայտնել է, որ Հայաստան արդեն ներկրվել է 24 հազար դեղաչափ AstraZeneca՝ նախատեսված 12000 քաղաքացու համար եւ երկու խմբաքանակ էլ ռուսական Sputnik V տեսակի պատվաստանյութ՝ նախատեսված 21 հազար 500 մարդու համար:
Գայանե Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին 5 աշխատանքային օր, հիմա կաշխատեն նաև շաբաթ եւ կիրակի՝ առավոտյան ժամը 10:00-16:00-ը:
Պաստվասատվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ նախապես գրանցվելով: Պատվաստվել կարող են նաեւ կացության թույլտվություն ունեցող օտարերկյա քաղաքացիները:
Գայանե Սահակյանը նշել է, որ պատվաստումից առաջ կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնելու, հակամարմիններ ստուգելու, արյան հետազոտության, տրոմբոցիտների քանակը որոշելու անհրաժեշտություն չկա: