Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համաձայնագրին։ «Brexit»-ի (Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության անջատման գործընթացի) ԵԽ համակարգող Գի Վերհովսթադը Twitter-ի իր էջում համաձայնագիրը որակել է իբրեւ «արգելքների ստեղծման եւ ազատությունների վերացման աշխարհում առաջին առեւտրային գործարքը»։ «Ձախողում երկու կողմի համար։ Բայց դա չեղածից էլ լավ է»,- հեգնանքով հավելել է ԵԽ համակարգողը։
Ըստ Եվրախորհրդարանի ղեկավար Դեյվիդ Սասոլիի՝ համաձայնագրին 660 պատգամավոր կողմ է քվեարկել, 5-ը՝ դեմ, 32-ը՝ ձեռնպահ։
Քվեարկությունից հետո համաձայնագրի ընդունումը ողջունել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը։
Մեծ Բրիտանիան վերջնականապես լքեց Եվրամիությունը՝ ավարտելով ընդհանուր շուկայից եւ ԵՄ մաքսային միությունից հեռանալու գործընթացը։ Այս տարվա հունվարի 1-ից դադարեց գործելուց 11-ամսյա անցումային փուլը, երբ պաշտոնական Brexit-ից հետո Միացյալ Թագավորության վրա տարածվում էին նույն նորմերը, կանոններն ու առավելությունները, որոնք գործում են ԵՄ ցանկացած այլ անդամի հանդեպ։