ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ելույթ է ունեցել խորհրդարանների ղեկավարների՝ «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության եւ վստահության ամրապնդման գործում» խորագրով հանդիպմանը։
Ըստ ԱԺ մամուլի ծառայության՝ Միրզոյանն արձանագրել է, որ Թուրքմենստանի նախաձեռնությամբ եւ աշխարհի 73 երկրների, այդ թվում`Հայաստանի համահեղինակությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021-ը հռչակել է Խաղաղության ու վստահության տարի։
ՀՀ ԱԺ նախագահը անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմում խաղաղ բնակիչների եւ կենսական ենթակառուցվածքների վրա արգելված զենքով նպատակաուղղված հրետակոծումների, Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության հուշարձանների պղծման ու ոչնչացման քաղաքականությանը:
«Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց: Կան անվիճելի եւ հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում»,- ընդգծել է Միրզոյանը:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Բաքվում բացված «ռազմավարի պուրակի» խնդրին`այն որակելով որպես մարդատյացության եւ ազգամիջյան ատելության վառ վկայություն։
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ միայն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացումն ու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար: