Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը քննադատել է Բաքվի «պուրակի» անմարդկային տեսարանները։ Նա Ադրբեջանին հորդորել է հրաժարվել թշնամանք ու ատելություն հրահրելուց:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Միյատովիչի մտահոգությունն անհիմն է համարել: Ըստ Ադրբեջանի՝ «ռազմավարի պուրակը» խորհրդանշում է «միջազգային իրավունքի ու արդարության հաղթանակը» եւ հիշեցում, որ «ռասիզմը, խտրականությունն ու անհանդուրժողականությունը հաջողության շանս չունեն»:
«Հաշտեցումը պահանջում է համապատասխան վերաբերմունք անցյալի հանցագործությունների եւ դրանց զոհերի նկատմամբ` ներառյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը եւ վնասի հատուցումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն:
Բաքվում խորհուրդ են տվել «անմարդկային տեսարաններ» կամ «տագնապալի ու նվաստացուցիչ տեսարաններ» փնտրել Եվրոպայի այլ վայրերում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ Միյատովիչի նամակը կասկածի է ենթարկում նրա աշխատանքի անկախությունն ու անաչառությունը, ինչը կարող է բացասաբար ազդել հանձնակատարի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա: