ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արտասահմանցի լրագրողների հետ առցանց ասուլիսում հայտարարել է, որ նախագահ Բայդենը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին խոսելիս չի ձգտել մեղքը բարդելու Թուրքիայի վրա:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ նախագահն իր ելույթում ձգտել է ոգեկոչելու զոհերի հիշատակը, այլ ոչ թե մեղավորներ փնտրելու: «Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում էին Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները»,- նշել է Բլինքենը:
Ըստ Բլինքենի՝ նախագահ Բայդենը շարադրել է իր վաղեմի հայացքները: Եվ Սպիտակ տան՝ անցած շաբաթ օրը նրա անունից տարածած գրավոր ուղերձը, որում ներկայիս ամերիկյան առաջնորդը ճանաչել է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, անակնկալ չէր:
Բլինքենը նշել է, որ միեւնույն ժամանակ նախագահը ուղերձի նախորդ օրը՝ ապրիլի 23-ին, բավական դրական հեռախոսազրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ:
«Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպման հնարավորությանը: Կան բազում հարցեր այն ոլորտների վերաբերյալ, որոնց շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք»,- նշել է Էնթոնի Բլինքենը: Նա հավելել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում:
«Տարածաշրջանային եւ համապարփակ շատ հետաքրքրությունների տեսանկյունից մենք գործում ենք իբրեւ գործընկերներ»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է նաեւ, որ Վաշինգտոնն ու Անկարան շարունակելու են ամրապնդել երկկողմ հարաբերությունները, այդ թվում արդյունավետ կառավարումն այն ոլորտներում, որոնցում երկու երկրների միջեւ տարաձայնություններ կան: «Եվ ինչպես շատ երկրների միջեւ, մեր միջեւ նույնպես կան հակասություններ»,- շեշտել է Բլինքենը: