Եթե խնդիրներ կամ, որ էլ ավելի կարեւոր է, թշնամանք ունես հարեւանիդ/հարեւաններիդ նկատմամբ, ապա ե՛ւ քո, ե՛ւ հարեւանիդ շահերից են բխում զրուցելն ու շփման ընդհանուր եզրեր գտնելը։ Որովհետեւ հաշտության ճանապարհներ փնտրելու, սուր անկյունները հարթելու այլընտրանքը պատերազմն է։ Իսկ պատերազմ նշանակում է ավերածություններ ու արյուն, 18-20 տարեկան սպանված զինվորներ է նշանակում պատերազմը։
Պատերազմը, որ անցած տարի հոկտեմբեր-նոյեմբերին ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ադրբեջանից այդքան կյանքեր խլեց, այդքան ավերածությունների պատճառ դարձավ, իհարկե, Ադրբեջանն էր սկսել։ Ադրբեջանը վաղուց՝ դեռ 2008-2010 թվականներից, երբ իր տնտեսական հնարավորություններն օգտագործելով՝ սկսում էր թափ հավաքել, առիթով կամ անառիթ սպառնում էր պատերազմով։ Բայց մի բան է սպառնալը, բոլորովին այլ՝ իրական պատերազմ սկսելը։ Դրա համար պետք է լինեն ներքին ու արտաքին բարենպաստ պայմաններ եւ, որ շատ կարեւոր է, պատերազմի ֆորմալ առիթ (Casus belli)։
Բարենպաստ պայմաններն առկա էին. աշխարհը զբաղված էր բոլորովին այլ խնդիրներով՝ Սիրիա, Լիբիա, պանդեմիա, ԱՄՆ-ում ընտրություններ էին, Թուրքիան Ռուսաստանի հետ բազմակողմանի ու փոխշահավետ գործակցության մեջ էր եւ Հայաստանի դեմ նախատեսվող պատերազմում անթաքույց ու լիարժեք ներգրավվելու թույլտվություն էր ստացել։ Իսկ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, բանակցություններից խուսափելով, մերժելով մինչեւ 2018-ը եղած պայմանավորվածությունները, ասելով, թե բանակցությունները սկսում է ինչ-որ անհասկանալի «իմ կետից» կամ «0 կետից», հայտարարելով, թե Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, տալիս էր պատերազմ սկսելու ֆորմալ առիթ։
Փաշինյանի անհետեւողական, հակասական, կամակոր, շատ դեպքերում սադրիչ կեցվածքը մի կողմից՝ նպաստում էր Ադրբեջանի՝ պատերազմով խնդիրը լուծելու ծրագրին, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ էր տրամադրում Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան)։ Այս երկրների՝ 25 տարուց ավելի ձգված աշխատանքների նկատմամբ նման քամահրական ու մերժողական վերաբերմունքը չէր կարող անարձագանք մնալ։
Միջազգային հանրության դրսեւորած կրավորական կեցվածքը, որ տեսանելի էր պատերազմի ողջ ընթացքում, կարելի է Փաշինյանի անհեռատես, անհեռանկար ու ամբարտավան քայլերի հետեւանք համարել։
Կասկածից դուրս է՝ այս պատերազմից կարելի էր խուսափել։ Կարելի էր փոխել աղետալի հանգրվան տանող ճանապարհը, որով ընթանում էինք վերջին 20 տարիներին։ 2018-ից ընձեռվել էր նման հնարավորություն։ Բայց այդ հնարավորությունից օգտվելու համար մեր երկրի ղեկավարը պետք է որ լիներ շրջահայաց ու կարողանար զարգացումներին համարժեք արձագանքել։ Պետք է հասկանար իր կարգավիճակի կարեւորությունը։ Հասկանար, որ պետական գործիչ է։ Ծափահարություններ կորզող քայլերի ու ելույթների փոխարեն, միջնորդ երկրների հետ համագործակցելով, հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ պետք է որոներ։ Ցավոտ, բայց անհրաժեշտ լուծումների գնալու համարձակություն ու քաջություն պետք է ունենար։
Փոխարենը կամա թե ակամա ամբոխահաճո ելույթներով փակում էր բանակցությունների թեման եւ նպաստում Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու ծրագրերին։ Հետեւանքը՝ հազարավոր զոհեր ու հազարավոր խեղված կյանքեր, անվերականգնելի կորուստներ։
Դաժան պատերազմի ավարտից ամիսներ անց ափսոսանքի ու զղջման խոսքերի փոխարեն հնչած արդարացում-բացատրությունը, թե այս զինվորները, այս կամավորները զոհվել են, որ ոմանք կարողանան ասել Ալիեւին, թե Արցախի խնդիրը դեռ կա, զոհվել են հայրենիքի սահմանները պաշտպանելիս, զոհվել են նախահարձակ թշնամու կրակոցից, զոհվել են հանուն հայրենիքի, ուրեմն արդարացված է նրանց մահը, ցինիկ է ու անընդունելի։
Բոլորովին էլ արդարացված չէ նրանց մահը։ Նրանք կարող էին եւ պետք է ապրեին։ Այս պատերազմը կարող էր չլինել։ Այս պատերազմը հրահրված էր։ Հրահրված էր սնապարծ ու անպատասխանատու վարքով։ Եվ նրանց մահվան համար կա մեղավոր։ Մեղավորը նա է, ով ինքնակամ իր վրա էր վերցրել մեր ճակատագիրը որոշելու պատասխանատվությունը, բայց անկարող էր։ Ով, ոգեւորության ալիքն օգտագործելով, հազարավոր վեր պարզած ձեռքերի վրա վարչապետի աշխատասենյակ մտավ, բայց ունակ չլինելով՝ հարիր չեղավ այդ աշխատասենյակին։ Այդպես էլ պետական գործիչ չդարձավ։ Ով զուրկ է բարոյական արգելակներից ու սկզբունքներից։ Ով ի վիճակի չէ հասկանալու ու գնահատելու այն աղետը, որ կա իր պատճառով։
Փաշինյանն է գլխավոր մեղավորը եւ գլխավոր պատասխանատուն։ Միայն նրանից հետո են թվարկվում նրան նախորդած ու նրա օրոք եղած մյուս մանր ու մեծ մեղավորները։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։