Հայկ Խաչատրյան, Բորիս Փարամազյան զարմիկների մարտական ուղին Արցախյան երրորդ պատերազմում սկսվեց գրեթե միաժամանակ ու ավարտվեց մի քանի օրվա տարբերությամբ․ հոկտեմբերի 22-ին զոհվեց Բորիսը, նոյեմբերի 8-ին՝ Հայկը։
28-ամյա Հայկ Խաչատրյանը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղից էր։ Ավարտել էր Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի «Տեսական տնտեսագիտություն» բաժինը։ «Պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալով` ուսմանը զուգահեռ իրեն փորձում էր տարբեր ոլորտներում։ Վերջին տարիներին հմտացել էր եվրոդռների եւ պատուհանների արտադրությունում։ Երբ բանակից վերադարձավ նաեւ քեռուս տղան` մեր անմահ հերոս Բորիս Փարամազյանը, նրան նույնպես սովորեցրեց այդ աշխատանքը։ Հայկն արդեն մտածում էր սեփական արտադրամաս բացելու մասին, որտեղ պիտի միասին աշխատեին։ Տարածք ունեինք տան դիմաց, սեպտեմբերի 26-ին մայրիկի հետ ամեն ինչ քննարկել էին, պիտի սկսեր աշխատանքները։ Ավաղ, հաջորդ օրն արթնացանք պատերազմական Արցախում, եւ Հայկի նպատակներն այդպես էլ մնացին անկատար։ Եվ խոսքը միայն կարիերային չի վերաբերում…»,- պատմում է Հայկի քույրը՝ Տաթեւիկ Խաչատրյանը։
Հայկը նաեւ Ապրիլյան պատերազմին էր մասնակցել։ Մորն ասել էր, թե գնում է ընկերներին տեսնելու։ Գնացել էր ու մասնակցել պատերազմական թեժ գործողություններին Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ «Իրեն ոչ ոք չէր կանչել։ Ավելին` հետ էին ուղարկել, բայց համառեց, ու հայրենասեր մի քանի ընկերներով գնացին տեր կանգնելու իրենց հողին։ Այդ ժամանակ փոքր եղբայրս ժամկետային ծառայող էր, թերեւս գնալու պատճառներից մեկն էլ դա էր։ Այս պատերազմի ընթացքում էլ չէր կարող տանը հանգիստ նստել։ Երկու անգամ եղբայրներով դիմեցին զինկոմիսարիատ, բայց հետ էին ուղարկել, թե՝ «ձեր հերթն էլ կգա»»,- պատմում է Տաթեւիկը։
Հայկին պատերազմ կանչել են հոկտեմբերի կեսից։ Փոքր եղբորը հանձնարարել է գյուղի տղաների հետ գյուղը պահել ու խնամել կորոնայով վարակված մորը եւ գնացել է։ Տաթեւիկը պատմում է՝ իրենց ընտանիքում հայրենիքին անմնացորդ նվիրվելը սկզբունքային է․ մայրը զինվորական է, հայրն էլ փոխգնդապետի կոչում ուներ։ Նույն ժամանակահատվածում պատերազմ կանչել են նաեւ Հայկի մորեղբոր տղային՝ Բորիսին։ Բորիսը բուժակ էր եւ անմիջական մասնակցություն կարող էր չունենալ ռազմական գործողություններին, բայց երբ հավաքակայանում հարցրել են, թե ով կուզի նոր զինատեսակի վրա հմտանալ, նա արագ արձագանքել է։ Եղբայրները նույն դասակում են հայտնվել ու միասին գնացել Կոռնիձոր։ Այնտեղ էլ զոհվել է Բորիսը, ընդամենը 21 տարեկանում։
«Երբ հրետակոծություն պիտի սկսվեր, Հայկը կապ էր տվել եղբորը, որ նահանջեն, սակայն պատասխան չէր ստացել։ Անմիջապես հանել էր բաճկոնը, զրահաբաճկոնը, սաղավարտը եւ ամբողջ ուժով վազել դեպի Բոկայի զբաղեցրած դիրքը եւ այն խոցված գտել։ Եղբոր մարմինը հանելը վտանգավոր էր, սակայն Հայկի արյունը եռում էր երակներում. ցավն ու ցասումը միախառնվել էին։ Գիշերն աճյունը հանել էին և մի քանի հոգով, գլխավերեւում անօդաչուների չլռող ձայների ներքո, հողին էին հանձնել»,- պատմում է Տաթեւիկը։
Հայկին դասակի հրամանատար են նշանակել եւ ուղարկել Կարմիր շուկա, հետո՝ Մարտունի։ Մարտունի տեղափոխվելուց հետո զանգել էր մորն ու ասել՝ «Կարմիր շուկան մաքրեցինք, շուտով ողջ Արցախն ենք մաքրելու»։ Հայկը «Կորնետ» հակատանկային զինատեսակով շարքից հանել է թշնամու 2 տանկ, 3 «Պիկապ», 1 շտապօգնության մեքենա, 2 «Ուրալ», ոչնչացրել է 2 հրամանատարական կետ եւ 30-ից ավելի թուրք դիվերսանտներից կազմված անձնակազմ։
Տաթեւիկն ասում է՝ Հայկը երբեք չէր պատմում պատերազմի իրական՝ ծանր վիճակի մասին։ Ընդհակառակը, ասում էր՝ քիչ է մնացել, այնպես պիտի անեն, որ իրենց երեխաները պատերազմ չտեսնեն։ «Պաշտոնական լրահոսից էլ էր հարցնում, բայց վերջում անպայման նշում. «Մի՛ հավատացեք հեռուստացույցի գուժածին, ամեն բան լավ է լինելու»։
Քանի որ տուն զանգելն այդ օրերին շատ վտանգավոր էր, մոր հետ պայմանավորվել էր՝ օրական մի անգամ կզանգի, որ իմանան՝ լավ է։ Զոհվելու օրվա առավոտյան թե՛ մոր, թե՛ ընկերների հետ համեմատաբար ավելի երկար էր խոսել։ Այդ օրվա՝ նոյեմբերի 8-ի կեսօրից Հայկից էլ լուր չկար։
«Չէինք ուզում հույսներս կորցնել։ Մինչեւ հաջորդ առավոտ սպասեցինք, հետո փոքր եղբայրս երկու ընկերների հետ գնաց Հայկի հետեւից։ Նրան գտան զոհված` ընկերների հետ հողով ծածկված։ Միայն մի հոգի էր հրաշքով փրկվել, հենց նա էլ պատմեց այդ չարաբաստիկ օրվա մանրամասները։ Պարզվեց` կողքի դիրքը թշնամին խոցել էր, ու թեեւ վտանգը մեծ էր, որ կլինի ռմբակոծության երկրորդ ալիք, վիրավորներին փրկելու պատրաստակամությունն ավելի մեծ էր։ Հայկն իր մարտական ընկերների հետ գնացել էր տղաներին հանելու ու թշնամու ծանր ավիացիայի ռմբակոծության զոհ էր դարձել,- պատմում է Տաթեւիկը։- Նույն օրը գրչի ծայրով թշնամուն հանձնվեց Արցախի մեծագույն մասը, սակայն հոգեպես այնքան ծանր վիճակում էի, չկարողացա սգալ հողերի կորուստը։ Սուգս բացառապես եղբորս համար էր։ Որովհետեւ հողերն անմահ են․ ձեռքից ձեռք են անցնում, բայց միեւնույնն է, շարունակում են ամեն գարնան կանաչել այնպես, ասես երբեք էլ նրանց վրա տերերի արյունը չի հոսել ու պաղել։ Հողերը կսպասեն իրենց ազատագրմանը, իսկ եղբայրներիս կիսատված կյանքը հնարավոր չէ հետ բերել»։
Հայկի մասին խոսելիս Տաթեւիկն ասում է՝ իր ճանաչած ամենաընկերասեր մարդն էր, բոլորին օգնող, ժպտերես ու անսահման հումորով։ Հայկի հետ «հայկերեն» էին խոսում եւ ուրախանում։ Գրեթե բոլոր հարազատների համար զվարճալի անուններ էր հորինել ու նրանց այդպես էր դիմում։ Իր տխրությունը երբեք ոչ ոքի ցույց չէր տալիս։
«Մի անգամ չորսով տանն էինք (Հայկը երկու քույր ու մեկ եղբայր ունի), խնդրեցինք՝ մեզ զվարճացնի, դերի մեջ մտավ ու սկսեց մեծ տատիկների պես երգելով սուգ ասել։ Մենք քահ-քահ ծիծաղում էինք, պատուհանի տակով անցնող հարեւանը տագնապած եկավ մեր տուն` հասկանալու, թե ով է հանգուցյալը։ Մի անգամ էլ հարեւան տատիկը հարցրեց Հայկին. «Ա՛յ բալա, ինչո՞ւ չես ամուսնանում»։ Հայկը դեմքի տխուր արտահայտությամբ պատասխանեց. «Բժիշկները չեն թողնում, ասում են` քեզ չի կարելի»։ Խեղճ հարեւանուհին այնքան էր մտահոգվել, որ եկել էր մայրիկիցս ճշտելու չարաբաստիկ ախտորոշման մանրամասները»,- հիշում է Տաթեւիկը։
Ասում է՝ Հայկը ուր էլ գնար, շատ արագ բոլորի հետ ընկերանում էր։ «Երբեք ոչ մեկին չէր քննադատում ու թույլ չէր տա իր ներկայությամբ որեւէ մեկի մասին վատ բան խոսել։ Դա կանոն էր, որ բոլորս պարտավոր էինք պահել։ Երբ ծնվեց տղաս` մեր ընտանիքի առաջին թոռը՝ Հայկի առաջին զարմիկը, ուրախությանը չափ չկար, բոլոր ընկերներին, ծանոթ-բարեկամներին հյուրասիրել է լավ խմիչքով ու շոկոլադներով։ Մի քանի օր անընդմեջ խնջույք էր կազմակերպում բոլորի համար, եւ ես հասկացա, թե ինչ հրաշալի հայր է լինելու Հայկը։ Ավաղ, չհասցրեց…»։
Հայկը երազում էր սեփական մեքենա, բնակարան ունենալ, որ հետո ամուսնանա, իրենց գյուղի՝ տատից ժառանգած տունն էլ էր ուզում վերանորոգել։ Մեծագույն երազանքն էլ ազատագրված հայրենիքն ու խաղաղությունն էր։
Ի տարբերություն Հայկի՝ Բորիսը չափազանց համեստ ու քչախոս էր։ Բայց ինքն էլ Հայկի նման հումորով ու ընկերասեր էր։ Ինչպես Տաթեւիկն է ասում, շատ գեղեցիկ տղա էր, բարությամբ լի, պսպղուն աչքերով, սիրուն ժպիտով, ժպտալիս էլ այտի վրա փոսիկ էր առաջանում։ Տան ավագն էր ու միակ որդին։ Շատ էր սպասում զարմիկի ծնվելուն, բայց երեխան քեռու զոհվելուց մեկ ամիս անց է ծնվել։ «Մինչեւ բանակ գնալը զբաղվում էր փողոցային մարմնամարզությամբ (street workout) եւ բավականին հաջողել էր, բայց երբ պարտադիր զինվորական ծառայության էր, քեռիս մահացավ, եւ նա վերադառնալով մոր ուսերին իջած բեռը փորձեց ամբողջովին իր ուսերին առնել ու թողեց սպորտը»։
Հայկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է ստացել, Բորիսը՝ «Արիության համար» մեդալ։
«Պատերազմը արհավիրք է եւ 30 տարում 3 անգամ մեզ իր ճիրանների մեջ առավ։ Եթե առաջինն էլի արդարացում ուներ` ազատագրված հողեր, դուրս գալ թշնամու տիրապետությունից՝ Մայր Հայաստանին միանալու հույսով, ապա երկրորդն ու հատկապես երրորդը միայն դառնություն մեզ բերեցին` հազարավոր մատղաշ կյանքեր ու կորսված սրբագործված հողեր։ Երբ թնդանոթները սկսում են զարկել, մեզ մնում է պաշտպանել ինքներս մեզ եւ մեր տունը, ինչն էլ արեցին մեր հերոս տղաները։ Սակայն պատերազմները միշտ էլ ավարտվում են դիվանագիտական դաշտում, ուստի այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվեր։
Ավաղ չափազանց ուշ կանգնեցվեց ու ահավոր ծանր գնով…
Ես չեմ ուզում պատկերացնել Արցախյան չորրորդ պատերազմը ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ մի դար անց։
Ուստի եթե մեր հողերը վերադարձնելու համար թեկուզ մեկ մայր պիտի սեւազգեստ դառնա, ես դե՛մ եմ»,- մեր զրույցը եզրափակում է Տաթեւիկ Խաչատրյանը։