Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit 2021 տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաեւ Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը:
Անցումային շրջանի երկիր
Հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել, ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2021. The Antidemocratic Turn (Անցումային շրջանի երկրներ 2021. հակաժողովրդավարական շրջադարձ) անունը կրող զեկույցում, որի միջոցով Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա ընկած տարածքի 29 երկրներում: Ժողովրդավարության միավորը ներառում է 7 ոլորտների վերաբերյալ առանձին գնահատականներ՝ ներառյալ ազգային եւ տեղական կառավարումը, ընտրական գործընթացները, անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, դատական համակարգը եւ կոռուպցիան:
Խոր մարտահրավերներ
Ըստ կազմակերպության զեկույցի՝ 2020-ը Հայաստանի համար աչքի ընկավ ինչպես նշանակալի առաջընթացով, այնպես էլ խոր մարտահրավերներով: Կազմակերպության կարծիքով ընթացիկ տարվա կտրվածքով ղարաբաղյան վերջին պատերազմին հաջորդած քաղաքական ճգնաժամը Հայաստանում պարունակում է մարտահրավերներ ժողովրդավարական առաջընթացի հարցում՝ ներառյալ անվտանգության ռիսկերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով, ներկայիս կառավարության նկատմամբ հասարակության ցածր վստահությունը, տնտեսական լարվածությունը եւ Քովիդ-19 համաճարակը: Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021 թվականին, հետագա բարեփոխումների հեռանկարն ու ուղեգիծը անորոշ են, քանի որ դրանք կախված են ապագա կառավարության կազմի եւ հասարակության վստահության վերականգնման հետ, նշում է կազմակերպությունը:
Ազգային ժողովրդավարական կառավարում
Ըստ զեկույցի՝ ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է 2.50-ից մինչեւ 2.25 միավոր` արտացոլելով երկրում կառավարման, ազգային անվտանգության եւ ինքնիշխանության խորացող ճգնաժամը: Երկրի ամենախոշոր ճգնաժամերն էին կորոնավիրուսի համավարակն ու բռնկված պատերազմը Ադրբեջանի հետ: Պատերազմի հետեւանքով ճգնաժամ առաջացավ պետական կառավարման ոլորտում, որը սպառեց գործադիր եւ օրենսդիր իշխանության ռեսուրսները՝ միաժամանակ կասեցնելով առաջընթացը մի շարք կարեւոր գործընթացներում՝ ներառյալ ընտրական բարեփոխումների ոլորտում:
Կուսակցություններ
Չնայած դրան՝ զեկույցը նշում է, որ անցած տարվա դեկտեմբերին օրենսդիրներն ի վերջո փոփոխություններ մտցրին «Կուսակցությունների մասին» օրենքում, ինչի նպատակն է մեծացնել կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը: Փոփոխությունների թվում էին կորպորատիվ նվիրատվությունների արգելքը, անհատական նվիրատվությունների ցածր չափը եւ պետական ֆինանսավորման պայմանները կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունը ժամանակին ներկայացնելու եւ գենդերային քվոտայի պահանջը բավարարելու համատեքստում, որով մեկ սեռի ներկայացուցիչները չպետք է գերազանցեն կուսակցության կառավարման խորհրդի 60 տոկոսը: Օրենքը նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորում է զբաղվել կուսակցության ֆինանսների վերահսկմամբ: Այն շեշտում է նաեւ, որ անցած տարվա ազգային քաղաքականությունն աչքի ընկավ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ ընդդիմության միջեւ լարվածությամբ ամբողջ տարվա ընթացքում:
Քաղաքացիական հասարակություն
Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ոլորտին՝ կազմակերպությունը մատնանշում է, որ ազատ հավաքների իրավունքը սահմանափակվում էր տարվա մեծ մասում: Մարտին հայտարարված արտակարգ դրությունը Քովիդ-19 համավարակի պատճառով արգելքներ է սահմանել հասարակական հավաքների եւ տեղաշարժի ազատության իրավունքի նկատմամբ: Կառավարությունը օգոստոսին չեղյալ հայտարարեց արտակարգ դրությունը՝ հօգուտ հասարակության առողջության ավելի չափավոր միջոցառումների ՝ պարտադրելով, որ հանրային հավաքների մասնակիցները պահպանեն սոցիալական հեռավորությունն ու դիմակ դնեն: Այնուամենայնիվ, ղարաբաղյան պատերազմի բռնկումը եւ դրա հետևանքով ռազմական դրությունը հանգեցրին հավաքների իրավունքի նոր արգելքին սեպտեմբերին, որը ուժի մեջ էր մինչեւ դեկտեմբեր: Զեկույցը, սակայն, մեջբերում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գնահատականը անվտանգության մարմինների աշխատանքի կապակցությամբ, որը հաղորդում է անվտանգության ուժերի սահմանափակումների կիրառման ոչ հետեւողական բնույթի մասին:
Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվ ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում: Զեկույցն առանձնացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ շեշտելով, որ պաշտոնական եւ ոչ պաշտոնական քաղհասարակության ներկայացուցիչները ապաստարան եւ առաջնային անհրաժեշտության միջոցներ են տրամադրել տեղահանված անձանց ԼՂ պատերազմի օրերին:
Քաղաքական դաշտ
Զեկույցում ընդգծվում է, որ քաղաքական դաշտն ու մամուլը 2020 թվականի ընթացքում շարունակել են մնալ չափազանց բեւեռացված: Հայկական լրատվամիջոցների դաշտը բաժանված է իշխանամետ եւ հակակառավարական լրատվամիջոցների միջեւ, սակայն, ըստ զեկույցի, նկատելի է կենտրոնամետ լրատվամիջոցների աճ հատկապես համացանցում: Freedom House-ը ընդգծում է, որ հեռուստատեսությունն ու համացանցը երկրի նորությունների եւ տեղեկատվության հիմնական աղբյուրներն են: Թեև հեռուստաընկերությունները հիմնականում զերծ են պետության վերահսկողությունից, դրանք լիակատար անկախություն չեն վայելում իրենց սեփականատերերից:
Խոսքի ազատություն
Դրա հետ մեկտեղ զեկույցը նշում է, որ հայկական մամուլն ու հանրությունը անցած տարվա ընթացքում բախվեցին ապատեղեկատվության զգալի աճին, հատկապես Քովիդ-19-ի եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմի շուրջ: Freedom House-ն անհանգստացած է, որ այդ ապատեղեկատվությունը սկիզբ է առնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ ընդգրկելով ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մարմինները: Փաստերի ստուգման եւ ԶԼՄ-ների գրագիտության մի շարք նախաձեռնություններ շարունակում են ակտիվ գործել Հայաստանում, բայց պետական կառույցների կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվել՝ ապատեղեկատվության ազդեցությունը հասկանալու կամ մեղմացնելու համար, ասված է զեկույցում:
Դատաիրավական ոլորտ
Դատաիրավական ոլորտի բարեփոխումները, ըստ զեկույցի, գործող քաղաքական ուժի ու կառավարության գերակա խնդիրներից են, սակայն այս ուղղությամբ առաջընթացն անցած տարվա ընթացքում մեծ չէր: 2020 թվականին իրավական ոլորտի փորձագետները պնդում էին, որ դատավորների եւ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց վեթինգի եւ համապարփակ ստուգման գործընթացը կարեւոր նշանակություն ունի դատական համակարգի բարեփոխումների համար, սակայն մինչեւ տարեվերջ այս ուղղությամբ օրենսդրական նախաձեռնություն այդպես էլ առաջ չեկավ:
Ուժային կառույցներ
Բացի այդ՝ զեկույցը շեշտում է, որ երկրի ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են ուղիղ ենթարկվել վարչապետին, սակայն ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որ հաստատվել են օրենսդիրների կողմից ապրիլին, կարող են փոխել իրավիճակը: Մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ այս ծրագիրը նախատեսում է ստեղծել ՆԳ նախարարություն, որի արդյունքում ոստիկանությունը հաշվետու կդառնա Ազգային ժողովին: Ըստ զեկույցի՝ բարեփոխումների այս գործընթացը սկսվել է 2020 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ եւ կշարունակվի մինչեւ 2022 թվականը:
Կոռուպցիայի դեմ պայքար
Զեկույցն անդրադարձավ նաեւ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ հիշեցնելով, որ գործող կառավարությունը նախապատվությունը տվել է հակակոռուպցիոն բարեփոխումներին եւ հրապարակել իր հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ 2019-2020 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարությունը ներառում է հատուկ հակակոռուպցիոն հանձնաժողովի եւ հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, իսկ տարեվերջին խորհրդարանը ազդարարեց, որ կոմիտեն կսկսի գործել 2021 թվականի սկզբին: Քաղաքացիական հասարակությունը եւ մասնագիտական կազմակերպությունները, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան եւ Հայաստանի փաստաբանների միությունը, խորհրդակցություններ էին տրամադրել կառավարությանը այս հարցում: Նախատեսվում է նաեւ ստեղծել հակակոռուպցիոն հատուկ դատարան 2021 թվականի ընթացքում: