Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից Հայաստանում կսկսեն գործել պատվաստման շարժական թիմեր, որոնք ավելի կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին։
Նախարարը վստահեցրել է, որ Հայաստան բերված բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդացության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքից։
«Ուզում եմ նշել, որ պատվաստանյութից թեթեւ կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք Քովիդ 19-ով վարակվելու եւ դրա հետեւանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու ու նաեւ մահվան դեպքերի հետ»,– ասաց Ավանեսյանը։
«Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը՝ եւս։ Ինձ զգում եմ շատ լավ եւ հուսով եմ, որ այս օրինակը վարակելի կլինի»,– ասել է առողջապահության նախարարը՝ կառավարության անդամներին կոչ անելով նաեւ սեփական օրինակով քաղաքացիներին ցույց տալու խնդրի կարեւորությունը։
Վարչապետի ժ/պ Փաշինյանը հանձնարարել է, որ կառավարության նիստին բոլոր ներկաները մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվեն։
Հայաստանում այսօրվա դրությամբ պատվաստված է ընդամենը 2690 մարդ։
Նշենք, որ Հայաստանում առայժմ կիրառվում են միայն «Սպուտնիկ V» եւ «AstraZeneca» պատվաստանյութերը։ Շուտով կստացվեն նաեւ չինական մշակման պատվաստանյութեր: