Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն ուսումնասիրել է ռազմական ծախսերի միտումներն աշխարհում եւ ԱՊՀ երկրներում:
Այսպես, ըստ վերլուծաբանի՝ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում Ռուսաստանը մեծությամբ չորրորդ պաշտպանական բյուջեն ունի, իսկ Global Firepower-ի ռազմական հզորության վարկանիշի համաձայն` աշխարհում վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը։
Պարադոքսալ այս «շեղումը», ըստ վերլուծաբանի, վկայում է պետական կառավարման բարձր որակի, բանակաշինության ճիշտ մշակած ռազմավարության եւ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի արդյունավետության մասին:
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով` ՌԴ-ն նախորդ տարվա՝ 61,7 մլրդ դոլար ռազմական ծախսով աշխարհում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Աշխարհում 2,6%–ով ռազմական ծախսերի աճի միտումի պահպանման պարագայում Ռուսաստանը 2020-ին 6,6%-ով պակաս է ծախսել հաստատված պաշտպանական բյուջեից։ 2019-ին ՌԴ ռազմական ծախսերը կազմել են 65,1 մլրդ դոլար, անցած տարի 3,4 մլրդ դոլար ծախսի նվազում է նկատվել։
Անհագուրդ ռազմականացումը Մոսկվայի նպատակը չէ, պաշտպանունակությունը խելամիտ եւ արդարացված պետք է լինի։
Խոշոր ռազմական ծախսերով երկրների հնգյակը համալրել են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ծախսերի 62%-ը` 1,98 տրիլիոն դոլար։
Համեմատաբար համեստ ռազմական բյուջեի պարագայում Ռուսաստանը Global Firepower ռազմական հզորության համաշխարհային վարկանիշում ավանդաբար զբաղեցնում է երկրորդ տեղը` ԱՄՆ-ից հետո, Չինաստանը երրորդ հորիզոնականում է, Հնդկաստանը` չորրորդ, իսկ Մեծ Բրիտանիան առաջին հնգյակում չկա (8-րդ հորիզոնական)։
Քիչ ծախսով մեծ նվաճումների հասնելու ռուսական պարադոքսը բացատրվում է բանակաշինության ճիշտ ռազմավարությամբ, պետական կառավարման եւ ազգային ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետությամբ, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական սպառազինությունների ստեղծմամբ։
Global Firepower-ի համաձայն՝ ՌԴ-ն ռազմական բյուջեով 11-րդ հորիզոնականում է։ Հաշվի են առնվել երկրի ռազմական բոլոր ծախսերը` աշխատավարձը, սպառազինության եւ ռազմատեխնիկայի ձեռքբերումը, ռազմական շինարարությունը, գիտահետազոտական եւ զենքի փորձարկման ու մշակման աշխատանքները, կառավարումը եւ թիկունքային ապահովումը։
ԱՊՀ մյուս երկրների ռազմական ծախսերը բավական համեստ են եւ աղյուսակում անհամեմատ հեռու են առաջատարներից։
Մոսկվան ներռուսաստանյան գներով դաշնակիցներին օգնում է սպառազինության հարցում, որոշ նմուշներ էլ անհատույց է մատակարարում։
ՌԴ-ն Հայաստանին անվճար փոխանցել է Ս-300 ԶՀՀ 2 դիվիզիոն (ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգերի ձեւավորման շրջանակում), Հայաստանը նաեւ դարձել է ռուսական 4 «Իսկանդեր-Է» (եւ 25 հրթիռ) հրթիռային համալիրների առաջին ներկրողն աշխարհում, ձեռք է բերել 12 Սու-30ՍՄ կործանիչներ, կատարյալ «Բուկ-Մ1-2», «Տոր-Մ2ԿՄ», «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրատենային համակարգեր։
Մոսկվան Երեւանին ավանդաբար զենք է մատակարարում Ռուսաստանի ներքին գներով, ինչպես նաեւ օգնում 300 մլն դոլար ընդհանուր ծավալի պետական վարկով։