Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայց է ներկայացրել դատախազություն՝ անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ:
Վերջինս Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական մտքեր էր հնչեցրել ու սպառնացել նրան:
Փայլանը ապրիլի 24-ին թվիթերյան գրառման մեջ նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներ: Պատկերացրեք, եթե Գերմանիայում այսօր լինեին Հիտլերի անվան պողոտաներ, երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում, ինչպիսի՞ն կլիներ Գերմանիան այդ ժամանակ: Ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»:
Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Օզդաղն այդ գրառման համար Փայլանին անվանել է «անկիրթ» եւ «սադրիչ»:
«Եթե գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան արտաքսել է ոչ թե հայրենասեր, այլ քեզ նման թիկունքից հարվածող հայերին: Դու էլ, երբ ժամանակը գա, կապրես Թալեաթ փաշայի նույն փորձառությունը»,- ի պատասխան Փայլանի՝ Թվիթերում գրել է ազգայնական պատգամավորը:
Փայլանը նրա դեմ հայց է ներկայացրել՝ հանցագործության դրդելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորելու եւ սպառնալու մեղադրանքով:
«Ազգային փոքրամասնությունների դեմ բռնության կոչերը ճանապարհ են հարթում ատելության հողի վրա հանցագործությունների համար: Խտրականություն ու ատելություն պարունակող խոսքերը անպատիժ չպետք է մնան»,- շեշտել է Փայլանը:
Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք է ներկայացրել նաեւ Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան: