Չինաստանի խորհրդարանն ապրիլի 29-ին հավանություն է տվել սննդամթերքը վատնողաբար օգտագործելու դեմ պայքարի օրենքին:
Օրենքն ընդունվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի՝ երկրի բարձրագույն օրենսդրական մարմնի մշտական կոմիտեի նստաշրջանում տեղի ունեցած քվեարկությամբ եւ ուժի մեջ է մտնում այսօրվանից:
Չինաստանի կառավարության համար իսկական մարտահրավեր էր երկրի հսկայաքանակ բնակչությանը կերակրելու հարցը, որը հաջողվել է լուծել, սակայն սննդամթերքի անբարեխիղճ վատնումը լուրջ խնդիր է:
Մսխողներին պախարակել, խնայողներին խրախուսել
ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության դրսեւորումը սարսափեցնում ու վրդովեցնում է», եւ կարգադրել է բնակիչներին ուտելիքի հարցում չափավորություն պահպանելու կոչ անել:
ՉԺՀ-ի նախագահը հորդորել է մարդկանց ներշնչել ամոթի զգացում պարենամթերքի մսխման երեւույթի հանդեպ եւ հպարտություն՝ խնայողության համար:
Սի Ծինպինի հրամանագրից հետո Չինաստանում գործարկել են «Մաքուր ափսե» ակցիան, որին արդեն միացել են միլիոնավոր մարդիկ: Սոցցանցերում օգտատերերը դատարկ ափսեներով լուսանկարներ կամ տեսագրություններ են փոխանակում` ցույց տալով, որ ամբողջ ուտելիքը կերել են:
500 x 50 տոննա = աղետ
Չինաստանում օրական շուրջ 35 մլն տոննա պարենամթերք է թափվում: Չինաստանի 500 քաղաքներից յուրաքանչյուրում օրական միջին հաշվով մնում է շուրջ 50 տոննա սննդաթափոն:
Նախնական հետազոտության համաձայն՝ Պեկինում, Շանհայում, Չենդուում եւ Լխասում մեկ տարում միջին հաշվով դեն է նետվում 17-18 տոննա պարենամթերք, որով կարելի կլիներ մեկ տարի կերակրել 30-50 միլիոն մարդու:
Հանդիսավոր ճաշկերույթների ոչ հանդիսավոր խոհանոցը
Չինաստանում կերակրի թափոնների խոշոր աղբյուրներից մեկը հանդիսավոր կամ գործնական ճաշկերույթներն են: Չինական ռեստորաններում ընդունված է մեծ բաժիններով բազմազան ճաշատեսակներ պատվիրել, ոչ թե յուրաքանչյուրի համար առանձին. եթե ուտելիքն ավելանում է, տուն են տանում:
Այլ իրադրություն է ճաշկերույթներում: Որպես կանոն, այդ միջոցառումների ժամանակ մարդիկ անհարմար են զգում ուտելիքն իրենց հետ տանել, թեեւ այն շատ մեծ քանակությամբ ավելանում է:
Չինաստանի իշխանությունները տարիներ շարունակ զբաղվում են այդ խնդրով: Ձեռնարկվող բոլոր միջոցառումները ցանկալի արդյունք չեն տալիս. երկրում վատնողության խնդիրը շարունակում է հրատապ մնալ: