Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ ընթացիկ ուսումնական տարում Սաուդյան Արաբիան փակելու է թուրքական 8 դպրոց: Որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները:
Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2256 աշակերտ: Նախորդ ամիս երկրում արդեն իսկ փակվել է թուրքական 26 դպրոց:
Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջեւ առանց այն էլ լարված հարաբերությունները։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները:
Բացի դրանից՝ դեռեւս նախորդ տարեվերջին Սաուդյան Արաբիան արշավ էր սկսել, որ իր քաղաքացիները չմեկնեն Թուրքիա։ Թագավորության լրատվամիջոցները Թուրքիան անվանել են զբոսաշրջության համար վտանգավոր երկիր, իսկ Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը նախազգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների թիվն աճել է։ Վերջին 18 տարում Թուրքիայում մեծապես նվազել է սաուդցի զբոսաշրջիկների թիվը։
Տարածաշրջանում ԱՄՆ երկու դաշնակից պետությունների միջեւ հակամարտությունը խոր արմատներ ունի: Սաուդյան Արաբիան ստանձնել է արաբական, սուննիական աշխարհում իր դերակատարությունն ակտիվացնել ձգտող Թուրքիայի ռազմավարությանը հակազդողի դերը: Հակազդեցությունը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ կրոնական ենթատեքստ ունի։