44-օրյա պատերազմից հետո Ալավերդիում եւ տարածաշրջանի գյուղերում բնակություն հաստատած արցախցիներն իրենց նյութական կարիքները շարունակում են հոգալ աջակցության տարբեր ծրագրերի միջոցով եւ բարի մարդկանց օգնությամբ։ Գործազրկության բարձր մակարդակ ունեցող Ալավերդու տարածաշրջանում նրանք չեն կարողանում աշխատանք գտնել։ Պետության կողմից իրականացվող՝ Արցախից տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերի մասին շատերը գիտեն․ գրանցվել են, դիմում ներկայացրել, բայց կա՛մ պատասխան չեն ստացել, կա՛մ էլ առաջարկվող աշխատանքի համար բավարար կարողություններ եւ հմտություններ չեն ունեցել։
28-ամյա Նարեկ Մադոյանը մասնագիտությամբ գյուղատնտես է։ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում է սովորել։ Սկզբում քոլեջ է ընդունվել, պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո ավարտել է նաեւ համալսարանը։ Մասնագիտական հմտություններն օգտագործելով՝ Կովսականում եղբոր հետ նռան եւ արքայանարնջի այգիներ է հիմնել, նաեւ զբաղվել հողագործությամբ։
«Այս տարի արդեն բերք պիտի ստանայինք։ Մոտ 20 հեկտար ոռոգվող հող ունեինք, նույնքան էլ՝ անջրդի։ Վարձակալությամբ էի վերցրել։ Էլցանցում որպես էլեկտրամոնտյոր էի աշխատում ու աշխատավարձս դնում գյուղատնտեսության մեջ։ Կամաց-կամաց գալիս էի նրան, որ ներդրումները մեծացնեմ ու մեծ եկամուտ ստանամ, մանավանդ որ էնտեղ կային բոլոր հնարավորությունները գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու համար։ Էն փուլում էի, որ ամեն ինչ դեպի լավն էր գնում, բայց կռիվը սկսվեց»,- պատմում է Նարեկը, որ մոր հետ արդեն Օձուն գյուղում է բնակվում։
Օձունը Նարեկի ծննդավայրն է, որտեղից սկզբում Երեւան են տեղափոխվել, իսկ արդեն 1998-ին վերաբնակեցման ծրագրով՝ Բերձոր, հետո՝ Վակունիս, ու ընտանիքը հաստատվել է Կովսականում, տուն են ստացել։ Տարիներ անց եղբայրն ընտանիք է կազմել եւ առանձնացել, իսկ Նարեկը, մոր հետ մնալով, շարունակել է մեծացնել իր ու եղբոր ստեղծած տնտեսությունը։
Սեպտեմբերի 27-ի՝ չդադարող կրակոցների տակ բացվող առավոտն անսպասելի է եղել։ Անհանգստությունը մեծացել է, երբ Ստեփանակերտի եւ Շուշիի ռմբակոծվելու լուրն են լսել, ինչից հետո Նարեկի՝ քառօրյա պատերազմի մասնակից եղբայրը նոր պատերազմին է պատրաստվել։ Բայց մինչ նրա մեկնելը եղբայրներով այգու համար ցանկապատ են կառուցել, ավարտել կիսատ թողած գործերը։
«Գնաց։ Հետո արդեն եղբորս կինը երեխայի հետ տեղափոխվեց հայրական տուն՝ Ջերմուկ, մամային տարա Ղափան՝ քրոջ մոտ, ես էլ մնացի, որ այգիները ջրեմ, անասուններին տիրություն անեմ։ Ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ կռիվը շարունակվելու է։ Էնպիսի վիճակ էր, որ ասում էինք՝ երկու օրից կվերջանա, քառօրյայի նման: Բայց հետո, երբ հրետանու ձայները մոտիկացան, արդեն հասկացանք, որ չեն կարողանում պահել, պաշտպանությունը շատ թույլ էր։ Երբեք մտքովս չի անցել, որ էնքան խելացի չեն գտնվի, որ Կովսականը՝ որպես ստրատեգիական նշանակության տարածք, թուրքին կտան։ Հողով էնքան հարուստ էր, որ մի ամբողջ Հայաստան կարող էինք պահել ու ոչ մի պետությունից կախված չլինել»,- ափսոսանքով ասում է Նարեկը։
Հոկտեմբերի 18-ին, երբ թշնամին շատ մոտ է եղել, իշխանությունների հրահանգով դուրս են եկել բնակավայրից։ Օրհասական պահին անգամ Նարեկը վստահ է եղել՝ թուրքին դաս տալու ինչ-որ սցենար էր իրականացվում։ Ասում է՝ մտքով ամեն ինչ անցել է՝ բացի նրանից, որ իրենց տունուտեղը հանձնում են։
Նարեկ Մադոյանը մոր հետ Օձուն՝ իր մանկության տուն է վերադարձել, իսկ եղբայրն ընտանիքով հաստատվել է Սուրենավանում։ Նարեկը հիմա փորձում է իրենց հին տունն ավելի հարմարավետ դարձնել՝ մասնակի նորոգելով, մինչեւ որ կարողանա գումար աշխատել եւ վերակառուցել այն։
«Բարեկամից մի հեկտար հող եմ վերցրել, առվույտ ցանել, 4 հազար մետր տարածքում էլ՝ կարտոֆիլ։ Գյուղապետարանում սերմացուի ծրագիր կար, վարսակի սերմ, պարարտանյութ եմ վերցրել, մնացածը ես եմ արել։ Մի քիչ գումար ունեի, որով էնտեղ (Կովսականում) պետք է ցորեն ցանեի։ Էդ գումարով էստեղ արեցի նույնը, մի քիչ էլ տան շինարարության համար ծախսեցի, մինչեւ որ կարողանամ մշտական գործ գտնել»,- վերջին 1-2 ամսվա ընթացքում իր արած գործերն է թվարկում Նարեկը։
Օձուն տեղափոխվելուց հետո Նարեկը հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության Թումանյանի զբաղվածության տարածքային կենտրոնում, դարձել «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շահառու։ Նշված ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում մինչեւ 3 ամիս ժամկետով գործատուի մոտ փորձաշրջան անցնելու, որի դիմաց քաղաքացիները վարձատրվում են առանց հարկերի 100 հազար դրամի չափով։ Իսկ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին տրամադրվում է աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով՝ 34 հազար դրամ։
Թումանյանի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառումից հետո Նարեկին ուղղորդել են Օձունի համայնքապետարան, որտեղ պետք է աշխատանքի փորձաշրջան անցներ, ինչից հետո պարզ կդառնար՝ կշարունակի՞ աշխատել, թե՞ ոչ։ Նարեկն ասում է՝ երկու ամիս է անցել, որեւէ լուր չկա, ինքն էլ չի հետաքրքրվել։
2021 թվականի մարտից Նարեկի մայրն օգտվում է արցախցիներին 4 ամիս ժամկետով 68 հազար դրամ աջակցության ծրագրից։ Ընտանիքը աջակցության այլ ծրագրերից նույնպես օգտվել է։
«Աջակցող տարբեր կազմակերպություններ կան, որոնց մեծ մասը դրսից է ֆինանսավորվում, ու մտածում ես՝ ինչի՞ օտարը պետք է օգնի, ոչ թե քո պետությունը։ Կամ գոնե հետաքրքրվեն, թե էս մարդիկ ինչով են ապրում, ինչ են անում։ Մարդ կա, որ իր համար ձեռնտու է՝ չաշխատի, աջակցություն ստանա ու էդպես շարունակ։ Իսկ ինձ համար դա վիրավորական է, որովհետեւ ես ավելի շատ ստեղծող եմ, չեմ կարող ուրախանալ, որ ինչ-որ բան են տալիս»,- նեղսրտելով ասում է Նարեկն ու հավելում, որ գյուղի հետ կապված ծրագրեր ունի եւ գյուղատնտեսի իր մասնագիտությամբ մտադիր է շատ բան փոխել։ Կարեւորը՝ նպաստավոր պայմաններ կան։
Իսկ հադրութցի Օլեգ Մեջլումյանն այսօրվա օրով է ապրում․ ապագան անորոշ է։ Հոկտեմբերին է 92-ամյա հոր հետ Հադրութից Ալավերդի տեղափոխվել։ Երկու տարեցներին անժամկետ հյուրընկալել են քաղաքի հյուրանոցներից մեկում։ Շատերի նման Մեջլումյանների ընտանիքն էլ մի քանի մասի է բաժանվել։ Հարսն ու թոռը Երեւանում են՝ բարեկամի տանը, իսկ որդին Ստեփանակերտում որպես վարորդ է աշխատում եւ փորձում ազատ բնակարան գտնել։
«Ստեփանակերտում հիմա շենքեր են կառուցվում, բայց առաջին հերթին զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին են տալու, մենք դեռ պիտի սպասենք»,- ասում է Օլեգը։ Նա արդեն մեկ ամսից ավելի սեփական մեքենան որպես տաքսի է վարում։
Նյութական ապահովման վաշտի հրամանատար, հետո՝ ճաշարանի պետ, պահեստապետ եւ այլն. Օլեգը թվարկում է այն աշխատանքները, որոնք Հադրութում կատարել է տարբեր տարիների։ Իսկ Ալավերդի գալուց հետո գրանցվել է Թումանյանի զբաղվածության տարածքային կենտրոնում։
Արցախից տեղահանված բնակիչների ժամանակավոր զբաղվածությունն ապահովող արդեն երկրորդ՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով նրան առաջարկել են երկու ամիս ժամկետով մասնակցել քաղաքի տարածքում գտնվող հեղեղատարների մաքրման աշխատանքներին, որի համար օրական 8 հազար դրամ պետք է ստանար։
Օլեգն ասւմ է՝ նման բարդության ֆիզիկական աշխատանք ինքը չէր կարող անել, որովհետեւ սիրտը վիրահատված է։ Իսկ տաքսի վարում է ֆիզիկական շարժման մեջ լինելու նպատակով։ Ասում է նաեւ, որ հաց կամ դեղեր գնելու խնդիր ինքն ու հայրը չունեն, որովհետեւ իրենց հյուրընկալը չի թողնում՝ որեւէ բանի մասին մտածեն։
Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիների զբաղվածությունն ապահովելուն ուղղված «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագիրն իրականացվում է համայնքապետարանների կողմից։ Ալավերդու համայնքապետարանի Քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնից «Ալիք մեդիային» տեղեկացրին, որ նշված ծրագիրը չի իրականացվել շահառուների բացակայության պատճառով։
Իսկ թե արցախցի քանի ընտանիք է ներկայում բնակվում Ալավերդի համայնքում, որոնց չափահաս անդամները կարող էին ծրագրի շահառու համարվել, պարզել չհաջողվեց։ Համայնքապետարանի սոցիալական աշխատող Լիլիթ Մարգարյանն ասաց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից խիստ հանձնարարական ունեն՝ արցախցի ընտանիքների մասին որեւէ տեղեկություն չտրամադրել։ Ի դեպ, նույնը հաստատեց նաեւ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անուշ Էվոյանը։
«Համայնքապետարանն այս մասով որեւէ գործառույթ չունի, միայն կոորդինացրել ենք: Եթե բարի մարդիկ կամ հասարակական կազմակերպություններ են եղել, որ ցանկացել են աջակցել ընտանիքներին, մենք ուղղակի համակարգել ենք օգնությունը, մեր միջոցով է եղել։ Միայն հաշվառում ու կարիքների գնահատում ենք անում, տվյալներն ուղարկում մարզպետարան։ Մնացածն արդեն կոորդինացնում է մարզպետարանը»,- ասում է Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատողը։
Արցախից տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր զբաղվածություն ապահովող պետական ծրագրերը թղթի վրա բավականին խոստումնալից են՝ մարդկանց տնտեսական եւ սոցիալական խնդիրները մեղմելու տեսանկյունից։ Իսկ գործնականում, կարելի է ասել, անարդյունավետ են, որովհետեւ թիրախային շահառուներն այդ ծրագրերից չեն օգտվում, միայն գրանցվում են, ուղղորդվում այս կամ այն կառույց եւ սպասում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։