Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրադրությունը կայունացել է:
Հինգշաբթի այստեղ ընդհարումներ էին եղել երկու պետությունների զինծառայողների միջեւ: Ջրատարի շուրջ տեղացիների միջեւ ծագած վեճը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ: Ղրղզական կողմի վերջին տվյալներով՝ բախման ժամանակ սպանվել է հանրապետության 31 բնակիչ, այդ թվում երեխա, վիրավորվել 154 մարդ:
Առաջին կրակը
Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ լարվածությունը սկիզբ է առել չորեքշաբթի ուշ երեկոյան։ Տաջիկստանի սահմանապահները տեսահսկման խցիկներ էին տեղադրել սահմանին գտնվող ջրաբաշխիչ կետի մոտ։ Ղրղզական կողմը պահանջել էր ապամոնտաժել դրանք: Երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։ Ըստ պաշտոնական Դուշանբեի՝ առաջինը կրակ են բացել ղրղզ զինծառայողները, որոնք փորձել են գրավել «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետը։ Ղրղզական կողմը տրամագծորեն հակառակն է պնդում՝ տաջիկ զինվորականներն են առաջինը կրակել։
Ժամեր շարունակված զինված բախումներից եւ զուգահեռ անցկացված բանակցություններից հետո ի վերջո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները հայտարարեցին հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին՝ խոստանալով հետ քաշել զորքը եւ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Իրադրությունը կայունանում է
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ցավակցություն է հայտնել զինված բախման ժանանակ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Լարվածության օջախը մարված է, իրադրությունը կարգավորվել է բանակցությունների ընթացքում:
«Ներկայում անհրաժեշտություն չկա կամավորներ ուղարկելու սահմանակից շրջան: Ղրղզստանի քաղաքացիները այդ աշխատանքը պետք է վստահեն համապատասխան պետական մարմիններին, որոնց ներկայացուցիչները գտնվում են ղրղզա-տաջիկական պետական սահմանի հատվածում»,- նշել է նախագահը:
Լուրջ խոսակցությունից անդին
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի անդամներ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ զինված բախումները տեղի էին ունենում նույն րոպեներին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները հակամարտող երկրներից մեկի մայրաքաղաքում՝ Դուշանբեում, նիստ էին անցկացնում։ Դաշնակիցները քննարկում էին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերմանը վերաբերող հարցեր։ Ռազմական կառույցի երկու անդամների միջեւ արյունահեղություն էր տեղի ունենում, Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանամերձ տների բնակիչներին տարհանում էին, տեղերից հաղորդում էին զոհերի եւ ծանր վիրավորների մասին։ ՀԱՊԿ նիստը ոչ միայն չդատապարտեց, այլեւ որեւէ կերպ չանդրադարձավ արյունալի այդ բախումներին։
Դավադիր ձեռքը
Ռուս փորձագետների պնդմամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի օրը ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմական բախումը պատահական չէ: Ավելին՝ ինչ-որ աներեւույթ ձեռքի դավադիր քայլն է եւ միտված է վարկաբեկելու ՀԱՊԿ-ին եւ նրա առաջատար անդամ Ռուսաստանին:
Այստեղով շատ ջրեր են հոսել
Ջրաբաշխիչ կետի պատկանելության շուրջ երկու հարեւանների միջեւ վեճը շարունակվում է տասնամյակներ։ Տաջիկստանի եւ Ղրղզստանի պետական սահմաններն անցնում են հենց այդ ջրաբաշխիչ կետի կողքով։ 1968 թվականից ի վեր այն օգտագործվում է ինչպես Տաջիկստանի եւ Ղրղզստանի, այնպես էլ երրորդ հարեւան Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման եւ ջրամատակարարման համար։
Տաջիկստանն ու Ղրղզստանը բաժանում է ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ ձգվող պետական սահման, որի կեսը սահմանազատված չէ։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը