Իրանի նախագահ Հասան Ռոհանին տեսաուղերձով բնակիչներին կոչ է արել երաշտի կապակցությամբ խնայելու ջուրը եւ էլեկտրաէներգիան:
«Մենք բոլորս պետք է հնարավորինս շատ խնայենք նախորդ տարիների համեմատ, քանի որ մեր ամբարտակների պաշարները սպառվում են, եւ մեր էներգետիկայի սեկտորում հիդրոէլեկտրակայանների առաջ խնդիրներ են ծառացել»,- ասել է Իրանի նախագահը:
Իստ իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության`Ռոհանին նշել է, որ Իրանում դա վաղեմի խնդիր է:
«Մեր երկիրը միշտ երաշտի խնդիր ունի, դժբախտաբար, անձրեւների շրջանը շատ կարճատեւ է, իսկ երաշտը երկար է տեւում, այս տարի տեղումները կրճատվել են 50 տոկոսով, եւ երկրում դարձյալ երկարատեւ երաշտ է սպասվում, ուստի մենք պարտավոր ենք շատ զգույշ լինել»,- ընդգծել է Ռոհանին:
Նախագահի տեսաուղերձը հեռարձակվել է Իրանի երեք գավառներում չորս հիդրոէներգետիկ օբյեկտները շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը: