Ուկրաինական Bees Airline ավիաընկերությունը ձեռնարկել է չվերթներ Կիեւի եւ Երեւանի միջեւ:
Մեկնարկային թռիչքով Երեւան ժամանած ավիաընկերության տնօրեն Ալեքսանդր Ջիջորան նշել է, որ դեպի Հայաստան ուղղությունը նշանակալի իրադարձություն է իրենց համար: Թռիչքներն այնպես են դասավորվել, որ ուկրաինացիները 3 օրով կամ մեկ շաբաթով կարողանան գալ Հայաստան: Նույնն էլ ակնկալում են հայաստանցիներից:
Թռիչքները Երեւանից կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ:
Ներկայում Bees Airline-ը թռիչքներ է կատարում Կիեւ-Երեւան-Կիեւ, Կիեւ-Թբիլիսի-Կիեւ, Կիեւ-Բաթում-Կիեւ ուղղություններով: Ամռան սկզբին նախատեսվում է բացել նաև Օդեսա-Երեւան-Օդեսա չվերթը:
Ավիաընկերությունն ունի նաեւ մի քանի եվրոպական ուղղություններ՝ դեպի Կիպրոս, Բուլղարիա, Հունաստան: