Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ամփոփել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Տեսիեն նշել է, որ աշխարհի մեծ տերությունները սկսում են կամաց-կամաց հասկանալ այս ստեղծված իրավիճակի բնույթը, եւ իրենց շահերից է բխում, որ այս տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ կայուն խաղաղություն: Ֆրանիսացի խորհրդարանականը դրանում շատ է կարեւորել ՄԱԿ-ի դերակատարությունը:
Գի Տեսիեն Ֆրանսիայի խորհրդարանին է ներկայացրել մի նախագիծ, որը ընդունվելուց հետո օրենքի կարգավիճակ կստանա՝ ստիպելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Գի Տեսիեն վստահություն է հայտնել, որ շատ եվրոպական երկրներ եւս նույն քայլերը կիրականացնեն:
Նշենք, որ Երեւանում էին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը եւ մի շարք խորհրդարանականներ: