Թուրքիայում հրապարակվել է երկրի լավագույն գործատուների ցանկը: Ցուցակը գլխավորում է պոլսահայ համայնքի նշանավոր անդամ Արամ Գալենտերյանի (Գալենտօղլու) ղեկավարած «Գալաթա» ընկերությունը:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նշում է, որ Արամ Գալենտերյանի ընկերությունը երկրորդ անգամ է արժանանում «Թուրքիայի լավագույն գործատու» կոչմանը: Այս տարի ընկերությունն այդ կոչմանն արժանացել է 100-250 աշխատակիցներով ընկերությունների շարքում:
Հայկական օրաթերթը նշել է, որ «Գալաթա»-ն բեռնափոխադրող ընկերություն է, իր մատուցած միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններով՝ այդ ոլորտում Թուրքիայում լավագույններից մեկը, իսկ նրա տնօրենը Թուրքիայի տնտեսության մեջ ունեցած իր գործունեությունից բացի նպաստում է նաեւ համայնքային կյանքի զարգացմանը:
Արամ Գալենտերյանը պոլսահայ Գալֆայան տան (հայկական վարժարան եւ գիշերօթիկ դպրոց) հոգաբարձության անդամ է: