Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը կին ոստիկան Ստեֆանի Մոնֆերմեի հիշատակի համազգային միջոցառմանը հայտարարել է, որ արմատական իսլամիստները պատերազմ են մղում հանրապետության դեմ:
Ռամբույեում արմատական իսլամիստի ձեռքով սպանված ոստիկանի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի մի շարք նախարարներ, տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:
«Իսլամական ահաբեկչությունը մեզ պատերազմ հայտարարած արյունոտ ֆանատիզմն է: Սակայն այդ պատերազմը մեր դեմ մղում են ստոր եւ վախկոտ մարդիկ: Միայն վախկոտն է ընդունակ հարձակում գործել կնոջ վրա, որն, ըստ ոստիկանական վարչության աշխատակցի, կարգավիճակից ելնելով զենք չէր կրում: Մոնֆերմեն բարբարոսության զոհ է դարձել»,- ընդգծել է Ֆրանսիայի վարչապետը:
Կաստեկսը հավելել է նաեւ, որ իսլամական ահաբեկչությունն ի վիճակի չէ համակերպվելու Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիների հավատի, ազատությունը պաշտպանելու նրանց գործողությունների հետ:
Ֆրանսիայի վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ահաբեկիչը հարձակման պահին գոռացել է «Ալլահ աքբար»: Վարչապետը դա գնահատում է ոչ այլ կերպ, քան բոլոր հավատացյալներին ուղղված վիրավորանք: «Ոչ մի դավանանքի ոչ մի հավատացյալ իրավունք չունի մարդ սպանելիս Աստծու անունը տալու»,- ընդգծել է Կաստեկսը:
«Ստեֆանի Մոնֆերմեն հարձակման է ենթարկվել եւ սպանվել, որովհետեւ նա մարմնավորում էր պետության հեղինակությունը եւ աշխատում էր ոստիկանությունում, որն ինքնին պատվար է բռնության, հանցավորության եւ ահաբեկչության ճանապարհին: Նա սպանվեց հանուն իր երկրի»,- եզրափակել է Կաստեկսը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ստեֆանի Մոնֆերմեին հետմահու պարգեւատրել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւով՝ Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով:
Ապրիլի 23-ին Ջամալ Գորշեն անունով ահաբեկիչը Ռամբույեի ոստիկանական տեղամասում դանակով մահացու հարվածներ էր հասցրել քաղաքացիական հագուստով կին ոստիկանին: Տեղամասի ոստիկաններին հաջողվել էր արագ վնասազերծել ահաբեկչին:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտոնաթող գեներալներն ու սպաները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակում զգուշացրել են կրոնական մոլեռանդներից եւ իսլամիստներից եկող քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին: