Պատերազմի, աղետալի կորուստների մասին խոսվել, խոսվում եւ դեռ խոսվելու է: Ինչ ասվել եւ ինչ ասվում է, քաղաքական նպատակահարմարության տիրույթում է: Առայժմ (բացառություններ, իհարկե, կան, բայց դրանք միայն հաստատում են օրինաչափությունը):
Շատ ավելի կարեւոր է, թե ինչ է խոսվելու վաղը, երբ երկիրը պարտության տարած իշխանությունը հեռացած կլինի (հուսանք, որ դա տեղի կունենա ամենամոտ ապագայում): Կատարվածի համակողմանի, սթափ եւ անաչառ գնահատականը կտա ապագայի պատմաբանը, քաղաքագետը: Անշուշտ, կունենանք հուշագրող(ներ) եւս: Կբացվեն, գուցե, թշնամական եւ շահագրգիռ երկրների արխիվները:
Այդուհանդերձ, սեւեռուն մի միտք հանգիստ չի տալիս արդեն այսօր:
2017-ին ավարտվում էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: 2006 թվականին, երբ ընդունվում էր ԼՂՀ Սահմանադրությունը, ներքաղաքական սուր բանավեճ կար, որ դա արվում է «Արկադի Ղուկասյանի իշխանությունը հավերժացնելու համար»: Տպավորություն էր, որ գործող նախագահը կզրոյացնի պաշտոնավարման տասնամյա շրջանը՝ պատճառաբանելով, որ երկրի կյանքում սկսվում է նոր փուլ, եւ եւս երկու ժամկետով նախագահ կմնա:
Արկադի Ղուկասյանը, սակայն, լիազորությունների ավարտից մեկ տարի առաջ հայտարարեց, որ չի խախտի ժողովրդավարության սկզբունքները եւ նախագահի թեկնածու չի առաջադրվի: Տասը տարի անց, երբ Արցախում սահմանադրական փոփոխություններ էին կատարվում, քաղաքական հիմնական դերակատարներից ոչ ոք գործող նախագահ Բակո Սահակյանին հրապարակային հարցադրում չարեց, թե ինչ է անելու մեկ տարի հետո: Եվ ոչ միայն:
Նախնական տպավորությունն այն էր, որ եթե Հայաստանում նախագահականից անցում է կատարվում խորհրդարանական կառավարման, ապա Արցախում էլ նույնը կանեն: Խորհրդարանական կառավարման, բացառապես համամասնական ընտրակարգի ջատագով էին ՀՅԴ տեղական կառույցը եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ Ազգային ժողովում ամենամեծ խմբակցությունն ուներ, իսկ նրա նախագահ Արայիկ Հարությունյանը 2007 թվականից զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Բայց տեղի ունեցավ անսպասելին: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ նրա գլխավորած ԱԺԿ-ն պնդեցին, որ պատերազմական իրավիճակում Արցախը չի կարող իրեն խորհրդարանական կառավարման շռայլություն թույլ տալ: Եվ հենց Աշոտ Ղուլյանն էլ գլխավորեց սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովը:
Ստեփանակերտում դժվար է գաղտնիք պահել: Շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նոր Սահմանադրության փաստացի հեղինակը Հրայր Թովմասյանն է՝ օգնական ունենալով Ռուբեն Մելիքյանին: Նոր Սահմանադրությունը ուղղակի պարտադրվեց:
Լուծարվեց վարչապետի պաշտոնը, ստեղծվեց կառավարման սուպերնախագահական համակարգ: Նույնիսկ ասում էին, թե ընդօրինակում են Միացյալ Նահանգներին, բայց հիմնական բացատրությունն այն էր, որ պատերազմական իրավիճակում պետք է ունենալ գերկենտրոնացված իշխանություն:
Ամեն ինչ, կարծես, տրամաբանության շրջանակում էր. եղել էր ապրիլյան քառօրյան, ԼՂ կարգավորման բանակցություններում առաջընթաց չկար, ոչ էլ երաշխիք, որ թշնամին չի գնա լայնածավալ պատերազմի: Արտառոցն այն էր, որ Սահմանադրության անցումային դրույթներով գործող Ազգային ժողովը լիազորվում էր կառավարման եռամյա ժամկետով նախագահ ընտրել, ընդ որում՝ չսահմանափակելով այդ պաշտոնում Բակո Սահակյանի ընտրվելու իրավունքը:
Եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, պիտի ասենք, որ սահմանադրական փոփոխությունների գնալու քաղաքական շարժառիթը մեկն էր՝ չեղարկել 2017 թվականին կայանալիք նախագահական համաժողովրդական ընտրությունները, հնարավորություն ստեղծել, որ Բակո Սահակյանը եւս երեք տարի մնա Արցախի առաջնորդ: Ահա այդ եռամյա ժամկետն է, որ մտորելու տեղիք է տալիս:
Ինչո՞ւ հատկապես երեք տարի: Ի՞նչ զարգացումներ էին կանխատեսվում 2017-2020 թվականների կտրվածքով:
Ասել, թե սահմանադրական փոփոխությունների հեղինակները «պատահաբար էին անցումային նման ժամկետ սահմանել», կլինի միամտություն կամ իրականության նենգափոխում: Արցախում պետական կառավարման համակարգի փոփոխության ո՛չ հանրային-քաղաքական պահանջ կար, ո՛չ գործնական անհրաժեշտություն:
Նոր Սահմանադրությունն, այնուամենայնիվ, ընդունվեց: Եվ Բակո Սահակյանի մերձավոր շրջապատում հայտնվեցին նախագահի պաշտոնում նրա երկու նախկին մրցակիցները՝ Մասիս Մայիլյանն ու Վիտալի Բալասանյանը. մեկն՝ արտաքին գործերի նախարարի, մյուսն՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Դա, ըստ երեւույթին, ուղերձ էր, որ երկուսից մեկն է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Թեեւ քաղաքական խոհանոցում նաեւ խոսում էին, որ երրորդ ժամկետը Բակո Սահակյանի համար վերջինը չէ, նա նախագահի թեկնածու է առաջադրվելու նաեւ 2020 թվականին:
Արտաքին քաղաքական ի՞նչ հաշվարկների վրա էր կառուցված այս ամենը: Ո՞րն էր Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ եւ տասը տարի վարչապետ պաշտոնավարած Արայիկ Հարությունյանին փաստացի խաղից դուրս թողնելու պատճառը: Դա ներարցախյա՞ն, հայաստանյա՞ն, թե՞ արտաքին որեւէ կենտրոնից ուղղորդված վճիռ էր: Ո՞րն էր Արցախում Մասիս Մայիլյանին՝ արտգործնախարար, Վիտալի Բալասանյանին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հիմնավորումը, եթե ընդունենք, որ առաջինն իր քաղաքական կողմնորոշմամբ զուգորդվում էր արեւմտյան, երկրորդը՝ հստակ ռուսական բեւեռի հետ:
Ինչ-որ բան կանխատեսվում էր արդեն ա՞յն ժամանակ: Մանավանդ երբ հաշվի առնենք, որ 2018-ի «հեղափոխական» Երեւանը ներարցախյան ստատուս-քվոն փոխելու ոչ մի քայլ չձեռնարկեց:
Ինչո՞ւ:
Պատերազմի, աղետի եւ համազգային ողբերգության հանդեպ Հայաստանի դեռեւս գործող իշխանության դիվային սառնասրտության խորապատկերում սրբապղծություն կլինի ասել, թե Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին երկու տարի հանդուրժեց, որովհետեւ չէր ուզում Արցախում անկայունություն սադրել: Եվ ցինիզմ կլինի, եթե մեկն ասի, որ նույն Փաշինյանը 2020 թվականի նախագահական ընտրություններին չի միջամտել, որպեսզի չխախտվի արցախցիների ազատ ընտրության իրավունքը, կամ Բակո Սահակյանը երկու տարի իրավահաջորդի հարցում չի կարողացել կողմնորոշվել:
Ղարաբաղյան այս թնջո՞ւկն է 2020 թվականը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։