ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը այդ պաշտոնում ընտրվելուց 100 օր անց՝ 2021-ի ապրիլի 24-ին, նախագահական ամենամյա ուղերձում կիրառեց «Հայոց ցեղասպանություն» ձեւակերպումը:
Հարկ է հիշեցնել, որ ուղիղ 40 տարի առաջ համանման հայտարարություն արել էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Այդ հայտարարությունը, սակայն, Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում չնշանակեց: Ավելին՝ Ռեյգանի հայտարարությանը, որի ճառագիրն, ի դեպ, ամերիկահայ էր, հաջորդած տասնյակ տարիներին ամերիկահայերն ամենատարբեր մակարդակներում ջանք չխնայեցին ճանաչման ուղղությամբ:
Այսպես՝ տարիներ շարունակ ականատես ենք դարձել նահանգային օրենսդիրներից մինչեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից ամենատարբեր հայտարարությունների, բանաձեւերի, քաղաքական առանձին գործիչների ու դիվանագետների դրական արձագանքների:
2019-ին աննախադեպ քվեարկություն տեղի ունեցավ, երբ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի երկու պալատներն, ըստ էության, բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության փաստն արձանագրող ու դատապարտող հայտարարությանը:
Նախագահ Բայդենի` «ցեղասպանություն» բառի կիրառությունն, անխոս, որոշակի ազդեցություն արդեն իսկ ունեցել է: Ամերիկահայերը, հատկապես այդ երկրում Ցեղասպանությունից հետո հայտնվածների սերունդները կարեւորագույն հոգեբանական, արժեքային ուղերձը ստացան:
Իր հերթին Թուրքիան ակնհայտ անհանգիստ վարքագիծ դրսեւորեց, ինչի մասին են վկայում այդ երկրի արտգործնախարարի ու նախագահի հայտարարությունները:
Միաժամանակ Վաշինգտոնի այս որոշումը կարեւոր ուղերձ էր աշխարհի մի շարք պետություններին, եւ, այո՛, կարելի է ենթադրել, որ այն որոշ իմաստով շղթայական ազդեցություն կարող է ունենալ:
Ստեղծված իրավիճակում առանցքային է Հայաստանի դիրքորոշումը, որը հնչել է ամենաբարձր մակարդակում. երկրի վարչապետն ու արտգործնախարարությունը պաշտոնապես ողջունել են Սպիտակ տան հայտարարությունը, նշել, որ այն կարեւոր է աշխարհում հետագա ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից:
Սա կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետը, որով «Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Հարցն այստեղ այլ է: Մասնավորապես` ի՞նչ են անելու այսուհետ պաշտոնական Երեւանն ու նրա դիվանագիտական առաքելություններն այս ուղղությամբ: Արդյո՞ք տարբեր մայրաքաղաքներում մեր դեսպանները քաղաքավարական այցեր են իրականացրել ամերիկացի իրենց գործընկերների դեսպանություններ: Բայդենի այս հայտարարությունը կարո՞ղ է դառնալ հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղություն: Համադրվելո՞ւ են արդյոք կոնկրետ այս խնդրի պարագայում երկու երկրների հետաքրքրությունները:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունը շատ հուսադրող չէ այս տեսանկյունից: Ամերիկացի դիվանագետն իր նախագահի հայտարարության հենց հաջորդ օրը հայտարարեց, թե Ջո Բայդենի այդ հայտարարությունը պատմական իրողությունների գնահատական է, սակայն ցեղասպանության մասին կոնվենցիան հետադարձ ուժ չունի: Այլ կերպ ասած՝ դեսպանը փաստացի ասում է, թե հույս չունենաք, որ այս հայտարարությանը լուրջ իրավաքաղաքական գործընթացներ են հետեւելու, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր հարաբերությունները Թուրքիայի հետ այս տեսանկյունից փոխելու է:
Ամերիկացի դեսպանը նման հայտարարություն չէր կարող անձնական որոշմամբ անել: Սա պետք է դիտարկել որպես իր գերատեսչության պաշտոնական դիրքորոշում: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելը Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում նախապայման չի լինելու: Թեման պարբերաբար կարող է առաջ քաշվել Թուրքիայից որեւէ բան ստանալու նպատակով, սակայն այս պահին այն չի լինելու երկկողմ հարաբերությունների առանցքում:
Ի՞նչ է հնարավոր անել այս նոր իրողությունների պայմաններում: Ավելի ճիշտ, արդյո՞ք առկա են նոր իրողություններ՝ բացի ամերիկացի նախագահի պաշտոնական հայտարարության փաստից: Ի՞նչ արժեք կարող է այն ունենալ Հայաստանի համար: Արդյոք զսպելո՞ւ է Թուրքիային՝ դիմելու հնարավոր նոր ագրեսիայի: Եթե այո, ապա ինչպե՞ս է դա դրսեւորվելու: Ընդամենը մեկ տարի առաջ ամերիկյան օրենսդիրի որոշումը որեւէ կերպ չխոչընդոտեց Թուրքիայի անթաքույց աջակցությունը Ադրբեջանին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Ավելին՝ Էրդողանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն ավելի կոշտ հայտարարություններով հանդես եկան:
Սրանք հարցեր են, որոնց շուրջ ո՛չ ամերիկահայ համայնքը, ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ էլ հայկական սփյուռքի գործող կառույցներն ու մտածողները ուղիղ պատասխաններ չունեն: Չկա քայլերի հստակ հաջորդականություն, թե հիմա կամ հաջորդ փուլում կոնկրետ ինչ է արվելու: Դարձնելո՞ւ ենք արդյոք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայման, թե՞ շարունակելու ենք հավատարիմ մնալ անկախությունից ի վեր առանց նախապայմանների հարաբերություններ կառուցելու դրույթին:
Հարցեր, որոնց շուրջ եւս ներհայկական քննարկման լուրջ պակաս կա, առնվազն հանրային մակարդակում:
Եթե Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են հարաբերություններ կարգավորելու Թուրքիայի հետ, ապա պետք է անկեղծ եւ ուղիղ ասեն, թե որն է կարմիր գիծը: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում Անկարան 90-ականներից ի վեր երկու նախապայման է ունեցել՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ ընդունելով Կարսի, Մոսկվայի պայմանագրերը, եւ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: 1993-ի մարտին դրանց ավելացել էր նաեւ Քարվաճառից հայկական զինուժի դուրսբերումը: Վերջինն այլեւս արդիական չէ, Հայաստանի ներկա վարչակազմը պետք է հստակեցնի իր դիրքորոշումն առաջին երկուսի վերաբերյալ:
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։