2021 թվականին պետական բյուջեով Լոռու մարզում 100-120 կմ ճանապարհ է կառուցվելու՝ ներառյալ Թումանյան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրեր տանող կամ, որ նույնն է, Մոտկորի ճանապարհը։ Ծրագիրը կառավարության կողմից արդեն հավանության է արժանացել։ Այս մասին հայտնեց Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսում ներկայացնելով չորս ամսում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը։
Թումանյանի կազմում գտնվող Մոտկորի գյուղախմբի (Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր) բնակիչների համար կենսական նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամենագլխավոր, բայց միակ խնդիրը չէ։ Լորուտում, որտեղ մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, կաթի վերամշակման արտադրամաս է հիմնվել։ Այն կգործարկվի մայիսին։ Ընթացքի մեջ են նաեւ սպանդանոցի կառուցման աշխատանքները։
Մարզի համայնքներում 2021-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը 24-ով ավելի են նախորդ տարվանից։ 39 համայնքում պետություն-համայնք մոտ 5 մլրդ 125 մլն դրամ համաներդրումով 121 ծրագիր է իրականացվելու․ ասֆալտապատում, ջրամատակարարման ցանցերի, լուսավորության համակարգերի կառուցում, մանկապարտեզների եւ հասարակական շենքերի հիմնանորոգում, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում եւ այլն, ասուլիսի սկզբում լրագրողներին տեղեկացրեց մարզի ղեկավարը։
Այս տարվա վերջին իրականություն կդառնա «Լոռին առանց տնակների» գաղափարը։ Արամ Խաչատրյանը նշեց, որ ամեն ինչ հարթ ընթանալու դեպքում Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ապրող երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած 152 ընտանիք մինչեւ նոյեմբեր բնակելի տուն կունենա։ Դեռ նախորդ տարի այս նպատակով կառավարությունը մարզին 1 մլրդ 868 մլն դրամ էր հատկացրել։
2019 թվականի վերջին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական մայրուղու շինարարությունը պետք է ավարտված լիներ։ Մինչդեռ հատկապես Ալավերդու բնակելի եւ մի քանի բանուկ հատվածներում շինաշխատանքներն ասես կանգ են առել, ինչի հետեւանքով թե՛ հետիոտները եւ թե՛ վարորդները բազմաթիվ անհարմարությունների են բախվում։
«Նախագծանախահաշվային փաստաթղթերի բազմաթիվ թերությունների պատճառով են աշխատանքները ձգձգվել։ Ալավերդի համայնքում մեկ ճանապարհի վրա կոմունիկացիաների՝ կոյուղագծերի, ջրագծերի փոփոխություններ կատարվեցին։ Հիմա համաձայնագիր են ստորագրել՝ ավարտել մինչեւ 2021 թվականի օգոստոս՝ Օձունի էստակադան հանած, եւ Հաղպատի խաչմերուկի մի փոքր հատված»,- պարզաբանեց ասուլիսին ներկա Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ղարսայանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։