Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Թուրքիայի ոստիկանությունն իր աշխատակիցներին հրահանգել է արգելել մարդկանց լուսանկարել կամ նկարահանել ոստիկանությանը պարտականությունները կատարելիս:
Թուրքական OdaTV-ին հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներին բաժանված շրջաբերականի համաձայն՝ նրանք այլեւս չպետք է թույլ տան ձայնային կամ տեսանկարահանումները, քանի որ դա անձնական իրավունքի խախտում է համարվում:
Հասարակական կազմակերպություններն ու անհատները քննադատել են այս քայլը՝ նշելով, որ որոշումն անօրինական է եւ ավելի կբարդացնի ոստիկանության կողմից իրավունքների խախտումների արձանագրումը:
Թուրքական ոստիկանությունը դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Թուրքիայում հանրության շրջանում մտավախություն կա, որ իշխանությունները փորձում են վերահսկել նաեւ սոցիալական ցանցերը:
Լրատվական կայքերի հանգրվանները
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ստամբուլյան Dokuz8Haber լրատվական ծառայության գլխավոր խմբագիր Գոխան Բիջիչին ասել է, որ լրատվական համակարգի 90 տոկոսին այսօր պետությունը վերահսկում է:
«Լրատվությունն այսօր դարձել է կառավարության զենքն ընդդեմ հասարակության: Այնպես որ, մարդիկ արժանահավատ լուրեր ստանալու համար հիմա միայն վստահում են սոցցանցերին»,- շեշտել է նա:
Dokuz8Haber ծառայությունն իր հաղորդագրությունները կազմում է արհեստավարժ լրագրողների եւ տարբեր քաղաքացիներից ստացած լուրերի հիման վրա: Օգտվում է նաեւ սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրություններից, ինչը մինչեւ վերջերս Թուրքիայում անկախ լրագրության հարթակ էր համարվում:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ Թուրքիան մամուլի ազատությամբ 153-րդ տեղում է:
Սոցցանցերի իրավասության սահմանները
Թուրքիայի կառավարությունը փորձում է վերահսկել նաեւ համացանցը եւ եղանակ ստեղծող սոցցանցային կազմակերպություններին հրավիրում է գրասենյակներ բացել Թուրքիայում:
Վտանգ կա, որ այդ ընկերությունները կարող են թուրքական իրավասության տակ հայտնվել:
Twitter, Google, Facebook, Tiktok ու մի շարք այլ ընկերություններ արդեն իսկ ներկայացուցչական գրասենյակներ ունեն Ստամբուլում: Twitter-ը տեղեկացրել է, որ Թուրքիան հաճախ է այս կամ այն հաղորդագրությունը կամ օգտատերերին ցանցից հանելու պահանջ ներկայացնում: Սակայն ընկերությունը մինչեւ այժմ միայն մի քանի զիջում է արել:
Այնուհանդերձ Dokuz8haber-ն ու համացանցային մի քանի այլ կայքեր մտավախություն ունեն, որ սոցիալական հարթակներն աստիճանաբար կսկսեն ենթարկվել Թուրքիայի իշխանություններին:
Մի շարք սոցհարթակներ հանդես են եկել հայտարարությամբ, որ հավատարիմ են մնալու խոսքի ազատությանը եւ շարունակելու են հենվել սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունների վրա: