ԱՄՆ դեմոկրատ սենատորները ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը շարունակի խախտել մարդու իրավունքները:
Օրինագիծը նախատեսված է լրագրողների ազատազրկման, խոսքի ազատության սահմանափակումների, քաղբանտարկյալների, ինչպես նաեւ միջազգայնորեն ընդունված մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու թուրք բարձրաստիճան անձանց դեմ կիրառելու համար:
Օրինագծի համահեղինակներ Էդվարդ Մարկին, Ռոն Ուայդենն եւ Ջեֆ Մերկլին ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել աջակցելու Թուրքիայի քաղաքացիական հանրությանը հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման: Միաժամանակ, սենատորներն Անկարային հորդորել են քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի վերացման, համացանցում խոսքի ազատության ճնշումների դեմ:
Նախաձեռնության հեղինակներն օրինագծով կոչ են անում ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի դեմ՝ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում: Սենատորները նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարարության առանցքային ֆինանսական ինստիտուտներին հորդորել են թուրքական կառավարությանը դրամաշնորհներ կամ վարկեր տրամադրելուց հրաժարվելու վերաբերյալ հրահանգ ուղարկել:
Սա դեմոկրատների՝ Սենատին ներկայացրած երրորդ նման օրինագիծն է: 2017-ին եւ 2019-ին, երբ Սենատում մեծամասնություն էին Հանրապետականները, Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագծերն անցկացնել չէր հաջողվել: Այժմ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում դեմոկրատները: