Ուղիղ մեկ տարի առաջ Երեւանի ավագանու նիստում որոշվեց Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգում (Բուենոս Այրեսի անվան այգում) տեղադրել Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանը: Որոշման համար հիմք էր ընդունվել ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Երեւանի քաղաքապետին ուղղված գրությունը, արտաքին գործերի նախարարությանն էլ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն էր դիմել:
Անցյալ տարի աշխարհում նշվեց Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը, եւ Երեւանում նրա հուշարձանի տեղադրումը հնդկական կողմը տեղավորել էր հոբելյանական ծրագրերի մեջ՝ պարտավորվելով հոգալ արձանի հետ կապված բոլոր ծախսերը: Մինչ արձանի տեղադրման որոշումն ընդունելը՝ 2019-ին, «Հայփոստ»-ը «Մահաթմա Գանդիի ծննդյան-150 ամյակը» թեմայով նամականիշ էր թողարկել:
Երեւանում համաշխարհային մեծության գաղափարախոսի արձանի տեղադրման դեմ առաջին բողոքողները Երեւանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանն ու նրա փոքրաթիվ համախոհներն էին. դեռեւս 2020-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ակցիա անցկացնելով, նրանք հայտարարում էին, թե Գանդին պայքարել է Հայ դատի դեմ, մերժել Հայոց ցեղասպանությունը, եղել Աթաթուրքի գործընկերը: Նախաձեռնությունը պահանջում էր չեղարկել արձանի տեղադրման որոշումը:
Գանդիի արձանը Երեւանում տեղադրելու որոշումը քննարկման նյութ էր նաեւ ԶԼՄ-ներում: Նշվում էր, որ եթե պետք է մեր մայրաքաղաքում հայ-հնդկական բարեկամությունը խորհրդանշող որեւէ արձան դնել, ապա կարող է լինել ոչ թե Գանդիի, այլ հայերի հետ սերտ առնչություն ունեցած հնդիկ մեկ այլ գործչի արձան:
Պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մանվելյանն առաջարկում էր Գանդիի արձանի փոխարեն Երեւանում տեղադրել Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի արձանը: «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նա հիմնավորում է իր առաջարկը. «Ուսումնասիրություններիս ընթացքում հայտնաբերել եմ մեծ բանաստեղծ, փիլիսոփա Ռաբինդրանաթ Թագորի եւ հայ ժողովրդի միջեւ եղած փոխառնչությունները. առանձնակի հիշարժան են Վենետիկի Մխիթարյան հայրերի եւ Ավետիք Իսահակյանի, Սոֆիայի հայ համայնքի եւ լեզվաբան Հակոբ Մարթայան-Դիլաչարի, թեհրանահայ համայնքի հետ Թագորի հանդիպումները, որոնցում հատուկ կերպով ընդգծվում էր մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Իսկ 1925-ին Կոստան Զարյանը, երբ Փարիզում հիմնեց La Tour de Babell («Բաբելոնյան աշտարակ») արվեստի եւ գրականության համաշխարհային ամսագիրը, աշխատանքներին հրավիրվեցին մասնակցելու Պիկասոն, Շագալը, Միգել դե Ունամունոն, նաեւ Թագորը»:
Սերգեյ Մանվելյանը հիշեցնում է, որ Թագորը նաեւ զանազան առիթներով դրական արտահայտություններ է արել հայ ժողովրդի մասին: Նա, ինչպես շատ մտավորականներ, զայրացած է, թե ինչու հայ-հնդկական բարեկամությունը խորհրդանշող արձանի տեղադրման հարցով հանրային քննարկում չի անցկացվել, չի կազմվել մասնագիտական հանձնախումբ։
Հայագետ Արծվի Բախչինյանն այս քննարկումներից շատ ավելի վաղ առնչություններ էր գտել հայերի եւ Գանդիի միջեւ. պատմության մեջ եղել են Գանդիի եւ հայերի հետ մի քանի մտերմիկ հարաբերություն, նամակագրություն: Բայց, ըստ հայագետի, դրանք, ինչ խոսք, չպետք է միանշանակ ընդունել: «Հատկապես եթե նկատի ունենանք, որ հայերին «վեհանձն» եւ «չարչարված» անվանող Գանդին, այնուամենայնիվ, չի ընդունել Հայոց ցեղասպանության փաստը»,- նշում է Բախչինյանը՝ մնալով, սակայն, այն կարծիքին, որ Գանդիին վերագրվող մտքերը («Զանգվածային սպանությունները չեն անհանգստացնում իրեն» եւ այլն) դեռ արժանի են մանրամասն քննման՝ սկզբնաղբյուրների օգտագործմամբ:
Հայոց ցեղասպանության թեմայի հետ Գանդիի կապի եւ նրան վերագրվող խոսքերի մասին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը վերջին դեպքերի առթիվ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է. «Ես կցանկանայի այս մասին գիտական հոդված կարդալ, ինձ դա դեռ չի հաջողվել: Կուզենայի, որ մեր հայ պատմաբանները գիտականորեն այդ հարցը քննարկեին, թե երբ է նա ասել, ինչ առիթով է ասել, եւ ինչ է դրանից հետեւում: Հրապարակախոսությունը մեկ բան է, գիտությունը՝ մեկ այլ բան»:
Գանդիի շուրջ աղմուկի մասին «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն իր զարմանքն է հայտնել, թե ինչպես կարող է ամբողջ կյանքը բռնության դեմ պայքարած եւ խաղաղություն քարոզած մարդը, որի ուսմունքն ու ոչ բռնի պայքարի մեթոդները տարածվել են նաեւ Հնդկաստանից դուրս, կողմ լինել ցեղասպանությանը. «Առողջ հոգեվիճակում գտնվող ինչ-որ մեկը կարո՞ղ է հուսալ, որ հաջողությամբ կտարածի այն միտքը, որ այն մարդը, ով ամբողջ աշխարհում համարվում է խաղաղության եւ «ահիմսայի» (ոչ բռնության) առաքյալ, կարող է «վայելել» ցեղասպանության պես ստոր մի երեւույթ, առավել եւս՝ սատարել: Այս մարդիկ, թերեւս, իրենց մեծ օգուտ կտային, եթե ավելին իմանային Մահաթմա Գանդիի կյանքի մասին, ինչպես նաեւ ուսումնասիրեին հայ-հնդկական բարեկամական կապերը, որոնք վաղնջական ժամանակներից են: Այդ կերպ նրանք կհասկանային, որ Երեւանում Մահաթմա Գանդիի արձանը ոչ միայն պետք է լինի, այլ նաեւ արդարացված է այդ միտքը»:
Արձանը, չնայած աղմուկին, այնուամենայնիվ կանգնեցվել է: Այն Գանդիի՝ աշխարհի այլ քաղաքներում դրված քանդակների հիմնական մասի ոճով է, արեւելյան իմաստուններին ու ճգնավորներին բնորոշ ավանդական հագուստով, գավազանին հենված, մեկ ոտքը առաջ դրած:
«Դա արձան չէ, դա վատ որակի մի բան է, քանդակը ընդհանրապես մակարդակ պիտի լրացնի քաղաքում, հենց այնպես, միայն հիշատակի համար չի դրվում: Արձանը չի համապատասխանում քանդակային եւ գեղագիտական որեւէ պահանջի, ոտքերը՝ ձնեմարդու ոտքերի պես, 57 համարի չափով, մարմնին անհամապատախան, ոտքի սկիզբը կոնքից չի դուրս գալիս, կրծքավանդակից է դուրս գալիս, գլուխն էլ ոնց որ Մարսի մակերեսը լինի: Ձախ ձեռքը մեծ է աջից, մի ձեռքի մատները կոտրած-կպցրած, մի խոսքով՝ հեղինակը վերջույթ քանդակելուց ընդհանրապես գաղափար չունի, նա «հրեշի» է քանդակել: Հասկացանք՝ ձրի է, նվեր է, բայց այդպիսի բան չպետք է դրվեր մեր քաղաքում: Այս արձանը եկավ լրացնելու մեր քաղաքի ճիվաղ գործերի շարքը: Մեր քաղաքում այնքան շատ են ճիվաղ գործերը, բայց դա մեր «ճաշն» էր, մերոնք էին, հիմա էլ սա դրսից եկավ, ավելացավ։ Ավագանին ոչ կոռեկտ է եղել, մրցույթ չի անցկացվել, պատմաբանների, քանդակագործների կարծիք չի լսել»,- «Ալիք մեդիա»-ին ասում է քանդակագործ, Դանթեի անվան քանդակի միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Գարեգին Դավթյանը, որը Երեւանում մի քանի արձանների հեղինակ է:
Իսկ ինչպես ինքը կքանդակեր Գանդիի արձանը հարցին Գարեգին Դավթյանը պատասխանում է. «Ես Գանդի չէի քանդակի, ինչքան էլ գումար տային: Հերոսներ կան, որոնց ընդհանրապես չեմ դիմի՝ Լենին չեմ քանդակել, չեմ քանդակի, Աթաթուրք չեմ քանդակի։ Եթե նոր արձան պիտի դրվի մեր քաղաքում, կարելի է դնել Բրյուսովի, Վիլսոնի, Բայրոնի արձանները, ո՞վ իրեն վատ պիտի զգար: Գանդիի՝ քայլ անելու պահը հավանաբար շատ է դուր եկել մեր կառավարությանը, եւ համաձայնել են: Անկախ ամեն ինչից՝ ես շատ վատ եմ վերաբերվում ցանկացած արձանի պղծման»:
Գանդիի արձանի հեղինակը հայտնի չէ, այն հավանաբար ձուլվել է ինչ-որ ստանդարտ նախագծով: Բուենոս Այրեսի անվան այգում՝ ժողովրդի մեջ հայտնի «ֆիզիկայի խաչմերուկում», արձանը դրվել է առանց հատուկ արարողության, անաղմուկ եւ օրեր հետո՝ պղծվել: Անհայտ անձինք հրկիզել են այն, պոկել արձանին փակցված ցուցանակը: Ոստիկանությունը գործ է հարուցել: Գանդիի արձանի պղծումը դատապարտել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Ազգային ժողովի Հայաստան-Հնդկաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, բազմաթիվ այլ կազմակերպություններ, մտավորականներ: Այն համարվել է սադրանք հայ-հնդկական բարեկամության դեմ: Արձանի տեղադրման որոշման դեմ մեկ տարի շարունակ ընդվզող «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը հայտարարել է, որ, այո՛, իրենք հակահայ գործիչ են համարում Մահաթմա Գանդիին, բայց արձանի պղծման հետ որեւէ կապ չունեն: Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն էլ հենց նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանին է մեղադրել՝ վստահ լինելով, որ նրա ատելության քարոզչության հետեւանքով է արձանը պղծվել: Սակայն դա չի եղել պաշտոնական հայտարարություն, այլ պատասխան Սոնա Աղեկյանի նամակին, որով նա ցանկացել է հանդիպել դեսպանի հետ: Խնդրանքը մերժվել է:
«Հայաստանում Հնդկաստանի դեսպանն արձանի շուրջ աղմուկի եւ նրա պղծման հարցով բազմաթիվ նամակներ է ստանում, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություն չի արել, չի մեկնաբանել»,- պատասխանեցին մեզ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից:
Արեւելագետ, Հնդկաստանի մասնագետ Նաիրա Մկրտչյանը թեմայի շուրջ «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասում է. «Այս արարքը մեծ հարված է հայ-հնդկական հարաբերություններին: Մենք ավանդական բարեկամական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ՝ դարերից եկող: Եվ այն, ինչ կատարվեց, առաջին հերթին տգիտություն է: Մեր բնակչությունն այսօր նյարդային վիճակում է, եւ տգետ մեկը մի բան որ ասում է, մյուսներն անմիջապես բորբոքվում են: Պատմություն չգիտեն, Գանդիի կերպարը չգիտեն, չգիտեն ինչպես են նրան վերաբերվում Հնդկաստանում եւ աշխարհում ընդհանրապես (նրա ինչ-ինչ թերություններով հանդերձ): Գանդին իր ամբողջ կյանքը նվիրել է Հնդկաստանի ազատագրական շարժմանը, իր երկիրն ազատել է բրիտանական գաղութատիրությունից: Հայոց ցեղասպանության դեմ ինքը հանդես չի եկել, այդպիսի բան չկա, նյութեր չկան այդ մասին: Գուցե նա իր երկիրը ազատագրելու հարցում դաշնակիցներ է փնտրել, այդ թվում՝ թուրքերին, բայց դա չի նշանակում, որ դրանով հայերի դեմ է դուրս եկել: Սա անհեռատես, տգետ մոտեցում է նրա արձանը չդնելու, իսկ հետո՝ պղծելու հարցում: Իմ կարծիքով ճիշտ կլինի, որ մեր կառավարությունը արձանի պղծման արարքի համար պաշտոնապես ներողություն խնդրի Հնդկաստանից, որտեղ Գանդին ազգի հայր է համարվում, եւ դա ինչ-որ տեղ կփրկի իրավիճակը: Շա՞տ երկրներ կան, որոնց հետ պաշտոնական, բարիդրացիական հարաբերություններ ունենք, եղածն էլ փչացնե՞նք, սա ուղղակի խայտառակություն է»:
Նաիրա Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել է Գանդիի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին եւ այնտեղ ապրող ու գործող հայ մտավորականների հետ Հնդկաստանի «Մահաթմա Գանդի» կենտրոնում կազմակերպել միջոցառում, համատեղ նշել են Գանդիի, Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակները: «Մենք կարողացանք այս երեք գործիչների մեջ զուգահեռներ անցկացնել՝ երեքին էլ համարելով խաղաղության քարոզիչներ՝ յուրաքանչյուրն իր կատարած գործի շրջանակում: Հնդիկները նույնիսկ զարմացել էին, եւ այդ երեք հոգուն նրանք դրեցին նույն, հավասար հարթակի վրա»,- ասում է Նաիրա Մկրտչյանը՝ ավելացնելով, որ Գանդիիի հանդեպ նման վերաբերմունքը վկայում է մեր հասարակության մեջ առկա անհանդուրժողականության մասին:
Կմնա՞ արձանը տեղում, թե՞ կհանվի, առայժմ պարզ չէ: Մինչ ոմանք կարծում են, որ վատ արձանները պետք է միանգամից ապամոնտաժել, ոչ թե պղծել, Գանդիի արձանը մայրաքաղաքում տեսնել ցանկացողները վստահ են, որ այն հրկիզելուց հետո պետք է նորոգել եւ հատուկ պահպանություն նշանակել՝ դրանով պահպանելով նաեւ հայ-հնդկական հարաբերությունները:
Մահաթմա Գանդիի արձաններ կան աշխարհի շատ երկրներում: Ըստ Timesofindia-ի՝ աշխարհի նշանավոր հրապարակներում եւ ակնառու տեղերում դրված Գանդիի արձանները 70-ից անցնում են, դրանց մեջ չեն մտնում Հնդկաստանի դեսպանատների շենքերում եւ հնդկական մշակութային կենտրոններում, սրահներում տեղադրված մեծ ու փոքր արձանները: Քաղաքներ կան (Լոնդոն, Մոսկվա եւ այլն), որտեղ նույնիսկ Գանդիի՝ մեկից ավելի արձան կա: Երեւանը միակ քաղաքը չէ, որտեղ պղծել են Գանդիի արձանը: Վերջերս ԱՄՆ Հյուսիսային Կալիֆոռնիայի Դեյվիս քաղաքի կենտրոնական զգոսայգու նրա արձանը պարզապես տապալել են, իսկ տարիներ առաջ պղծել են Գանդիի մոսկովյան արձաններից մեկը, գավազանը վերականգնվել է, բայց Մոսկվայի հուշարձանում Գանդին մնացել է առանց իր ավանդական ակնոցի:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։