Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին։
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նշել է, որ Բայդենը, որը նախորդ նախագահին՝ Դոնալդ Թրամփին, շարունակաբար կոչ էր անում Ադրբեջանի դեմ լիարժեքորեն կիրառելու 907-րդ լրացումը, հրաժարվել է Կոնգրեսի պատժամիջոցներից՝ ճանապարհ բացելով նավթով հարուստ Ադրբեջանին աջակցություն տրամադրելու հարցում:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից ենթադրում է նաեւ պատասխանատվություն, որը ենթադրում է չզինել եւ չսատարել Ադրբեջանին իր հանցանքն ավարտին հասցնելու ճանապարհին: Նախագահ Բայդենի կողմից ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիեւի ռեժիմին ԱՄՆ օգնություն տրամադրելու համար, կհակասի նրա հստակ դիրքորոշմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ոգուն»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն այս առթիվ առցանց արշավ է սկսել՝ կոչ անելով Բայդենին եւ Կոնգրեսին պահպանելու «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշել է, որ այդ օգնությունը տրվում է ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ Իրան-Ադրբեջան ծովային սահմանի անվտանգության ապահովման համատեքստում: Սակայն հայտնի չէ՝ այն ինչպես կօգտագործվի, մանավանդ որ վերահսկողությունը չափազանց բարդ է։
Ադրբեջանին նման օգնություն չտրամադրելու համար նույնիսկ հիմք չեղավ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմը, թեեւ ռազմական օգնությունը ցուցաբերվում է նախապայմանով, որ դա չի կարող օգտագործվել Հայաստանի ու Արցախի դեմ:
Քաղաքագետն ընդգծել է, որ Բայդենն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերանայել այդ օգնությունը, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել:
Նա նշել է, որ գալիք տարին լինելու է Ջո Բայդենի բյուջետային տարին այն առումով, որ ներկայում շրջանառության մեջ է Թրամփի օրոք մշակված բյուջեն, որով նախատեսված է նաեւ ռազմական օգնության հատկացում Ադրբեջանին:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը աջակցություն չպետք է տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի դեմ շրջափակումները եւ ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
2002 թվականին Կոնգրեսի միջամտությամբ 907-րդ բաժնում կատարած լրացումով թույլատրվել են նախագահի ակտի կասեցումը եւ ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը:
Մինչեւ հիմա Սպիտակ տունը, օգտվելով այդ հնարավորությունից, շուրջ 120 մլն ԱՄՆ դոլարի ռազմական ու անվտանգային աջակցություն է տրամադրել Ադրբեջանին: