Վիեննայում ավարտվել է Իրանի եւ հինգ գերտերությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2015-ի միջուկային համաձայնությունը վերականգնելու շուրջ բանակցությունների երրորդ փուլը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ առաջին եւ երկրորդ փուլերում բանագնացները փորձել են մերձեցնել Իրանի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումները, թեեւ հնչեցրել են իրարամերժ տեսակետներ:
Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ակնարկել են, որ բանակցությունները դեռեւս բավականին դանդաղ են ընթանում: Եվրոպացի բանագնացներից մեկի բնորոշմամբ՝ «Շատ անելիք ունենք եւ սահմանափակ ժամանակ, մի քիչ արագ ընթանալը չէր խանգարի»:
Արտոնագրի ժամկետն ու համբերությունը սպառվելու հակում ունեն
Քանի որ մայիսի 21-ին սպառվում է Իրանի միջուկային օբյեկտներում ՄԱԿ-ի դիտորդների տեսչական այցերի արտոնագրի ժամկետը, կողմերը ձգտում են մինչեւ մայիսի 7-ը բանակցություններում համաձայնության հասնելու:
Մշակվում է ճանապարհային քարտեզ, որով Վաշինգտոնը կսկսի մեղմել Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, Թեհրանն իր հերթին սահմանափակումներ կմտցնի ուրանի հարստացման ոլորտում:
Ըստ ԻԻՀ փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի՝ Թեհրանը Միացյալ Նահանգներից ակնկալում է նավթարդյունաբերության, բանկերի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ սահմանված պատժամիջոցների չեղարկում:
Ռեզիդենտների հնարավոր փոխանակում, ակտիվների հավանական ապասառեցում
Ըստ լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ն եւ Իրանը ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կփոխանակեն ձերբակալվածներին: Դրա շրջանակում Թեհրանը Վաշինգտոնին կհանձնի լրտեսության մեջ մեղադրվող 4 ամերիկացու։
Հեռուստաալիքի տվյալներով չի բացառվում նաեւ, որ ԱՄՆ-ն իրանական 7 միլիարդ դոլարի ակտիվներ ապասառեցնի։
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Իրանի պատվիրակության ղեկավար Արաքչին ասել է, որ լուրջ տարաձայնություններ կան, բայց քանի որ կա նաեւ որոշակի առաջընթաց, հաջորդ շաբաթ քննարկումները կշարունակվեն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանն էլ ասել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումներում դեռեւս անորոշ վիճակ է:
Հինգ գերտերությունների եւ Իրանի պատվիրակները հայտնել են, որ քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ուրբաթ՝ մայիսի 7-ին:
Մազից կախված
Գարնանը մեկնարկած Վիեննայի բանակցությունների ընթացքում երկու տարբեր ուշագրավ իրադարձություններ քիչ մնաց վտանգեին միջուկային գործարքի շուրջ քննարկումների հետագա ընթացքն ու նպատակահարմարությունը:
Թե՛ մեկը, թե՛ մյուսը Թեհրանը գնահատեց իբրեւ Իրանի թշնամիների ձեռքի գործը, որի նպատակն էր ամեն գնով վիժեցնել իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները եւ երկու կողմին կանգնեցնել Թրամփի վարչակազմի սարքած հին տաշտակի առաջ, երբ միայն փոխադարձ մեղադրանքներ էին հնչում, եւ փոխզջման համար ոչ մի քայլ չէր արվում: Սակայն ողջախոհությունը կարծես թե հաղթեց, եւ բանակցությունները շարունակեցին ընթանալ նույն հունով:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը