ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախորդ տարի Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերածների 10 %-ը Տաջիկստանից են, 7 %-ը՝ Ղազախստանից, 5 %-ը՝ Հայաստանից, 3,5-ական տոկոս են կազմել Ուզբեկստանի եւ Ադրբեջանի բնակիչները:
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 656 հազար օտարերկրացիներից 640 հազարը նախկին խորհրդային հանրապետություններից են, ընդ որում՝ նրանց գրեթե 70 %-ը՝ Ուկրաինայից, ավելի ստույգ՝ Ուկրաինայի արեւելյան շրջաններից:
Վիճակի ապակայունացում պարզեցված կարգով
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող Ուկրաինայի արեւելյան շրջաններում նախորդ երկու-երեք օրում ավելի քան կես միլիոն մարդու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է շնորհվել:
Ըստ ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության՝ այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը 2019-ին կարգադրել էր պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրել ցանկացողներին, Ուկրաինայի արեւելյան շրջանների բնակչության համար թողարկել է 650 հազար անձնագիր:
Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների բնակիչներին ՌԴ քաղաքացիություն շնորհելը Արեւմուտքը սադրիչ քայլ է համարել, եւ համոզված է, որ այդ հանգամանքը էլ ավելի կապակայունացնի վիճակը:
Հիբրիդային պատերազմի բաղկացուցիչը
Պաշտոնական Կիեւը շտապել է այդ շրջանների բնակիչներին ՌԴ անձնագրերի տրամադրումը գնահատել իբրեւ «հիբրիդային պատերազմի» բաղկացուցիչ եւ ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ուկրաինայի արեւելքի ռուս անջատականներին հետեւողական ռազմաքաղաքական եւ ֆինանսատնտեսական աջակցություն տրամադրող Կրեմլը հավատացնում է, որ որևէ առնչություն նրանց հետ չունի:
Ուկրաինայի արեւելյան շրջաններում սկսված պատերազմում 2014-ից ի վեր երկու կողմից սպանվել է ավելի քան 13 հազար մարդ: