Շվեյցարահայ իմ բարեկամներից Րաֆֆի Գարիբյանի հետ երեկ՝ կիրակի, միացա եւս մի քանի տասնյակ սփյուռքահայերի ու հայաստանցիների, ուղեւորվեցինք Նախիջեւանին սահմանակից, երեք կողմերից ադրբեջանական գյուղերով շրջապատված Խաչիկ գյուղ։
«Արմենիա» եւ «Փիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամները Վայոց ձորի մարզի այս գյուղում երեք ծրագիր են իրականացրել։ Շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշը հիմնադրամներից առաջինի ատենապետն է, երկրորդի՝ պատվո նախագահը։
Կեսօրին հասանք Խաչիկ, ուղեւորվեցինք գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցի։ 13-րդ դարում հիմնադրված այս եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2020-ին շվեյցարահայ այս երկու հիմնադրամների եւ Գաբրաշի նվիրատվության շնորհիվ։
Տեր Հովհաննես քահանա Մաթեւոսյանը եւ ներկաները միասնական աղոթք բարձրացրին հայ գերիների ազատ արձակման, 44-օրյա պատերազմում զոհված նահատակների հոգիների խաղաղության, սահմանների պաշտպանության, հայ ժողովրդի հարատեւության համար։
«Մեր բարերարների ցանկությամբ Խաչիկում երեք աշխատանք է արվել։ Առաջինը կապված է ջրի, երկրորդը՝ լույսի, երրորդը՝ եկեղեցու տանիքի հետ։ Ջուրը կյանք է, կյանքը ջրով է առաջացել։ Մեզ լույս պետք է, որ խավարի մեջ չմնանք, լույսն առաջնորդող է։ Մեզ տանիք պետք է, որ միասին հավաքվենք ընդ տանիք»,- պատարագի ընթացքում ասաց Տեր Հովհաննեսը։
Պատարագից հետո եկեղեցու բակում, որտեղ ամբողջ գյուղն էր հավաքվել, տեղի ունեցավ սահմանների օրհնության արարողակարգ, որից հետո Վահե Գաբրաշն ու Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը միացրին Խաչիկի փողոցային լուսավորությունը։ Գյուղի բոլոր փողոցները լուսավորվել են։
Երրորդ ծրագիրը, որ իրականացրել են շվեյցարահայ երկու հիմնադրամները, ամենաառաջնայինն է գյուղացիների համար։ Քանի որ Խաչիկը ծովի մակերեւույթից 1850 մետր բարձրության վրա է, ոռոգման ջուրը մղվում է Արփա գետից։ Խորհրդային շրջանում կառուցված ջրամբարը, որտեղ ամբարվում էր մղված ջուրը, տարիների ընթացքում լցվել էր տիղմով եւ չէր շահագործվում։ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանի, Խաչիկ Հակոբյանի եւ գյուղի բնակիչների անմիջական մասնակցությամբ ջրամբարը մաքրվել է տիղմից եւ հանձնվել շահագործման։
Պատարագից եւ սահմանների պաշտպանության արարողակարգից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ Շնորհակալության եւ երախտիքի խոսքեր հնչեցին ուղղված Վահե Գաբրաշին, երկու հիմնադրամներին, Փարիզից Ժնեւ տեղափոխված հայազգի Ժան Պիեռ Սեդեֆին, Բելգիայից Արսլանյան ընտանիքին։ Դպրոցականները պարեցին, իսկ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դպրոցականների հետ երգեց նշանավոր «Տոտիկը»։
Հյուրերի, ներկաների եւ գյուղացիների համար սա առաջին ուրախ միջոցառումն էր 44-օրյա աղետալի պատերազմից հետո։
Խաչիկ գյուղը․ տեղեկանք
Խաչիկ գյուղը Արենի խոշորացված համայնքի 8 բնակավայրերից է։ Մյուս 7 գյուղերն են՝ Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Չիվա, Ռինդ եւ Արենի, որ համայնքի կենտրոնն է։
Հայոց լեռների դեպի արեւմուտք նայող լանջի վրա գտնվող Խաչիկից դեպի Շարուրի դաշտը եւ Արարատ լեռը բացվում է լայնատարած եւ չքնաղ տեսարան։
Խաչիկը հարավից Նախիջեւանի հետ ունի 27 կմ ընդհանուր պետական սահման։ Սահմանակից է ադրբեջանական Շահբուլաղ, Յուխարը Յայջի, Ախուրա եւ Հավուշ գյուղերի հետ։ Հյուսիսից Խաչիկը սահմանակից է Արենիին, արեւելքից՝ Գնիշիկին։ Գտնվում է Արենիից 21 կմ, իսկ մայրաքաղաք Երեւանից՝ 120 կմ հեռու։
Գյուղում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին․ հաշվված էր 22 ընտանիք, 101 մարդ։ Ընտանիքներից 18-ը բնիկներ էին, 4 ընտանիք ներգաղթել է Պարսկաստանից։ Այսօր գյուղի բնակչությունը 1000-ի սահմանում է։
Խաչիկից 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Քարկոփ կամ Խոտակերաց վանական համալիրը։ Վանքի հարավային պատի ծավալուն արձանագրությունը վկայում է, որ այն կառուցել է Սյունյաց Աշոտ իշխանը, սակայն 9-րդ դարի վերջում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով քանդվել է, իսկ Աշոտի մահից հետո նրա կինը` Շուշանիկ իշխանուհին, վերականգնել է ի հիշատակ ամուսնու։ Օծման արարողությունը կատարվել է 910 թվականին, որին ներկա են եղել Հայոց Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին եւ Սյունյաց Հովհաննես Եպիսկոպոսը։
1254-1272 թվականներին Քարկոփի վանքը նորոգել է Սմբատ Օրբելյան իշխանը, որի մահից հետո նրա եղբայրը այն ժառանգություն է տվել որդուն` պատմագիր Ստեփաննոս Օրբելյան եպիսկոպոսին։ Վերջինս 1297 թվականին Քարկոփը նվիրել է Նորավանքին։
Խաչիկ գյուղում դպրոց հիմնադրվել է 1870 թվականին Երեւանի բնակիչ եւ Խաչիկում մեծ հողատեր Ստեփանոս Եղիազարյանի հորդորով: Նույն թվականին կառուցվել է դպրոցի շենքը։
Լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։