Ամերիկացի աստղանավորդներ Մայքլ Հոփքինսը, Վիկտոր Գլովերը, Շենոն Ուոքերը եւ ճապոնացի աստղանավորդ Սոիտի Նոգուտին Իլոն Մասքի հիմնադրած SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավի Resilience մոդուլով Երկիր են վերադարձել:
Չորս աստղանավորդին փոխադրող Resilience մոդուլը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդա նահանգի մերձակա ջրերում:
Միջազգային տիեզերակայանից անջատված մոդուլը Ատլանտյան օվկիանոսի Մեքսիկական ծոց հասել է 7 ժամում:
Անձնակազմը Միջազգային տիեզերակայան է մեկնել անցյալ տարվա նոյեմբերին եւ միացել այնտեղ աշխատող ռուսաստանցիներ Սերգեյ Ռիժիկովին, Սերգեյ Կուդ-Սվերչկովին եւ ամերիկուհի Քեթլին Ռուբինսին:
Crew Dragon մեկ այլ տիեզերանավով ապրիլի 24-ին Միջազգային տիեզերակայան են մեկնել ամերիկացի աստղանավորդներ Շեյն Քիմբրոուն, Մեգան ՄքԱրթուրը, Եվրոպական տիեզերական գործակալության աստղանավորդ ֆրանսիացի Տոմա Պեսկեն եւ Ճապոնիայի տիեզերական հետազոտությունների գործակալության աստղանավորդ Ակիհիկո Խոսիդեն: Նրանք տիեզերքում կմնան կես տարի:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ օրեր առաջ էլ NASA-ն դադարեցրել է տիեզերագնացներին 2024-ին Լուսին հասցնելու՝ SpaceX ընկերության հետ ապրիլի 16-ին կնքած պայմանագիրը։
Պատճառը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի եւ Dynetics ընկերության՝ ԱՄՆ Հաշվիչ պալատ ուղարկված բողոքներն էին: Նրանք պնդում են, որ NASA-ի աստղագնացներին Լուսին հասցնելու նախագծի բյուջեի կրճատման որոշումից հետո ընկերություններին բավարար ժամանակ չի տրվել նոր հայտեր ուղարկելու համար։ Ուստի SpaceX-ն է ընտրվել ամենացածր գնառաջարկի համար։
Մինչեւ բողոքների դիտարկումը, որը կարող է տեւել մինչեւ 3 ամիս, NASA-ն եւ SpaceX-ը պարտավոր են դադարեցնել համաձայնագրի շրջանակում բոլոր աշխատանքները։
NASA-ի եւ SpaceX-ի միջեւ կնքված 2,89 միլիարդ դոլարի պայմանագիրը «Արտեմիս» ծրագրի շրջանակում ենթադրում էր Լուսնի վրա աստղագնացների իջեցում վայրէջքի մոդուլի միջոցով։