Հայտնի ասույթը գուցե բառացի չմեջբերեցի, բայց, երեւի, իմաստի կորուստ թույլ չեմ տալիս:
Գուցե այլ հիշողներ էլ լինեն, անցած հոկտեմբերի կեսերին էր, որ ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարներից մեկը (նա ծանր վիրավորվելուց հետո բարդ վիրահատության էր ենթարկվել եւ բուժվում էր Երեւանում) հարցազրույց տվեց եւ շատ վստահ ասաց, որ հայկական ուժերի թիկունքում թշնամու դիվերսիոն խմբերը տերեւաթափի եւ առաջին ձյան հետ անպաշտպան թիրախ կդառնան եւ հեշտությամբ կոչնչացվեն, եւ մեր հետագա հաջողության հիմքը կդրվի, ռազմաճակատներում մեծ բեկում կլինի:
Չգիտեմ՝ ով ինչպես, բայց նրա այդ հավաստիացումներին ես ապշանքով էի հետեւում: Մի՞թե մենք մնացել ենք բնության հույսին, երբ դրսում 21-րդ դարի երկրորդ տասնամյակն է, եւ աշխարհի այլ թեժ կետերից տեղեկատվական հոսքերը մեզ են հասցնում ժամանակակից պատերազմի բոլորովին այլ պատկերներ՝ կապի գերժամանակակից միջոցներ, գիշերային դիտարկման սարքեր, կրակի արբանյակային ուղղորդում, բոլոր կարիքներն ապահովող հանդերձավորում, հեռահար խոցման հրթիռահրետանային կայանքներ, բարձր մանեւրի օդուժ, ռոբոտ-զրահատեխնիկա եւ այլն, եւ այլն:
Այս խորապատկերում միամտություն էր ակնկալել, որ Արցախի լեռներում ձյուն կտեղա, դիվերսիոն խմբերը կտեղորոշվեն թողած ոտնահետքերով, ու մեզ կմնա, ինչպես որսորդն է շուրջկալում վայրի գազանին, ահա այդպես մեկ առ մեկ ոչնչացնել թշնամու հատուկջոկատայիններին:
Սա ինչո՞ւ հիշեցի: Ամենեւին էլ ոչ այդ նախկին դաշտային հրամանատարին կսմթելու համար: Նա շատերի կողմից հարգված, քաղաքացու իր պարտքը հայրենիքի հանդեպ անմնացորդ կատարած եւ ինձ հարազատ անձնավորություն է: Խնդիրը հանրային-պետական աշխարհընկալման որակն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Խնդիրն այն է, որ մենք անհուսալիորեն հետ ենք մնացել համաշխարհային առաջադիմությունից, եթե կուզեք՝ քաղաքակրթությունից:
Թեեւ պատերազմը եւ քաղաքակրթությունը, կարծես, հակոտնյա երեւույթներ են, բայց վառոդի գյուտը խոր միջնադարում, կարծես, նույն կարեւորությունն է ունեցել, ինչ ատոմի ճեղքումը մեր հայրերի երիտասարդության օրերում: Միջուկային էներգիան նախ պատերազմի դաշտում է փորձարկվել, ապա՝ ատոմային էլեկտրակայանի ռեակտորում: Վաղը կարող է դառնալ շարժիչի վառելիք, չգիտեմ, բայց փաստ է, որ պատերազմը ռազմատեխնիկական առաջադիմության արդյունք է եւ գալիք նորարարությունների խթան:
Եվ ահա 97-ամա Հենրի Քիսինջերը, որը Միացյալ Նահանգների պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական է եղել եւ պատկառելի տարիքում էլ մնում է քաղաքագիտական մտքի բարձունք, գերմանական Welt պարբերականին տված հարցազրույցում զգուշացնում է, որ ապագա պատերազմը կարող է դառնալ «Ահեղ դատաստանի օր»: Որովհետեւ տեխնոլոգիական առաջընթացը հասել է արհեստական բանականության ստեղծմանը: Եվ Պենտագոնում վիճում են՝ թո՞ւյլ տալ, որ արհեստական բանականությունը հարաբերություն ունենա միջուկային զենքի հետ, թե՞ ոչ:
Իսկ արեւմտյան մամուլը գրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն հայրենական Տուվայի մշտական սառույցներում սկյութակա՞ն, թե՞ օղուզական դամբարանաբլուրներ է պեղում, որպեսզի կենդանի բջիջ հայտնաբերի մի քանի հազար տարի «զմռսված» մարմիններում եւ… կլոնավորի որպես նորագույն ժամանակների «ենիչերական զորք» կամ, Այթմատովի նկարագրած, մանկուրտական բանակ:
Ահա, մարդկությունը ստեղծել է արհեստական բանականություն եւ չգիտի, երաշխիք չունի՝ եթե «չիպավորված էակին» վստահի միջուկային զենքի կառավարումը, մի X պահի չի՞ սեղմվի ճակատագրական կոճակը, չի՞ գա Ահեղ դատաստանի օրը:
Քիսինջերն ասում է, որ Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցն այժմ Չինաստանն է, որի տեխնոլոգիական թռիչքն այլեւս անհնար է կասեցնել: Մնում է գնալ փոխզիջման, պայմանավորվածությունների:
Մեր երիտասարդության տարիներին խորհրդային միակ լիբերալ թերթը Литературная газета-ն էր, որ, կարծեմ, Թետչեր-Գորբաչով հանդիպման առիթով անդրադարձել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի այն մտքին, որ միջուկային զենքն է երաշխավորում գլոբալ խաղաղությունը: Դա մեզ պարադոքսալ էր թվում, բայց «երկաթե լեդին» իրականությանը ճշգրիտ գնահատական էր տվել:
Քառասուն տարի անց, երեւում է, ուժային կենտրոնները կոնսենսուսի պիտի գան արհեստական բանականության ոչ ռազմական նպատակներով օգտագործման հրամայականի շուրջ: Տեխնոլոգիական ահա այս թռիչքի բարձրությունից ո՞վ է նայում հայկական իրականությանը: Մենք, որքան էլ ծանր լինի խոստովանել, աշխարհի հետ դեռ հարաբերվում ենք պայմանական Կաչաղակաբերդի «ապահովության» բարձունքից: Թեեւ 44-օրյա պատերազմն ակնբախորեն պսակազերծեց «լեռնային երկրի անառիկության» առասպելը:
Եվ փոխանակ ընդունելու ճշմարտությունը, որ 21-րդ դարի տեխնոլոգիապես հագեցած թուրքական բանակի համար Շուշին այլեւս անառիկ չէր, շարունակում ենք փայփայել եւ կուլտիվացնել «Կաչաղակաբերդի» առասպելը: Դավիթ-Բեկի կամ Ավան յուզբաշու միֆական կերպարները մեզ ավելի հարազատ եւ հասկանալի են, քան արդիական սպառազինությունները, 21-րդ դարի ռազմագիտական միտքը: Ամբողջությամբ՝ արդի քաղաքակրթությունը: Պատերազմն, իրոք, չափազանց բարդ գործ է, որպեսզի վստահվի միայն գեներալներին:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։