ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ավարտել է 297 տեսանյութի եւ լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:
Այդ տեսանյութերից ու լուսանկարներից 98-ում գերիներին ողջ վիճակում խոշտանգում ու նվաստացնում են, 17-ում տեղի են ունենում գլխատումներ ու սպանություններ, 32-ում զոհվածների մարմիններն անարգանքի են ենթարկում եւ անդամահատում:
Լուսանկարներից 54-ում կառավարում են գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերը, այդ թվում՝ ատելություն տարածում եւ գլխատված զինծառայողի էջով վերջինիս լուսանկարը տարածում, 49-ում Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակներ են կիրառում:
26 լուսանկարում բարբարոսաբար ոչնչացվում է հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգություն, այդ թվում՝ հուշարձաններ եւ եկեղեցիներ, 12-ում կայքերով ու սոցիալական ցանցերով (Telegram, Instagram եւ այլն) տարածվում են ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաեւ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ, 9-ում ակնառու են պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավման կամ մասնակցության դեպքերը:
Պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, մի մասը՝ նաեւ ռուսերեն: Ողջ մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումներ:
Բոլոր տեսանյութերի եւ լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:
«Հավաքված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ի պնդմամբ նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի է ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը։
Պաշտպանը շեշտել է՝ Ադրբեջանի իշխանությունները չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:
Նա եւս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման ու հայրենիք վերադարձի ձգձգվող խնդրին՝ ընդգծելով, որ ադրբեջանցիները միտումնավոր չեն հայտնում գերիների իրական թիվը:
Բոլոր տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվելու են միջազգային համապատասխան կառույցներ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցներն ի մի բերել եւ հետազոտել: