Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Սաֆոնովը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է, թե որ մասնագիտություններն առաջիկա տասնամյակում կարող են անհետանալ։
Սաֆոնովը առաջինը մատնանշել է վարորդի մասնագիտությունը, որն առնչվում է ինքնավար (ավտոպիլոտ) համակարգերի զարգացման հետ։
Ըստ երեւույթին՝ ամբողջովին կավտոմատացվի մետրոն, ինչպես դա արդեն տեղի է ունենում որոշ երկրներում։ Ավտոմատացման ճանապարհով կընթանան նաեւ հասարակական տրանսպորտի այլ տեսակները՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, ջերմաքարշերը եւ էլեկտրաքարշերը։
Սաֆոնովը նշել է, թե ներկայում ինչ փոփոխություններ են տեղի ունենում ավիացիայում. եթե բոլորովին վերջերս օդանավի անձնակազմը բաղկացած էր հինգ մարդուց, հիմա օդանավի կառավարման համար երկուսն էլ բավարար են:
Գիտնականը խոսել է նաեւ այն մասնագիտության մասին, որին ավտոմատիկան դժվար թե երբեւէ կարողանա փոխարինել: Խոսքը հաշվապահի մասին է, որի գործառույթը, ըստ մասնագետի, ավելի կընդլայնվի։
«Ռոստրուդ» պարբերականն էլ թվարկել է այսօր պահանջված եւ ապագայում անհրաժեշտ մասնագիտությունները՝ քիմիկոս, ֆիզիկոս, կենսաբան, ՏՏ եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ: