Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի եւ Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ եւ մտավորական համատեղ հայտարարություն են արել Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ:
Արաբ մտավորականները ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա: Նրանք «Արաբական պետությունների լիգային» այդ հարցով արտահերթ նիստ գումարելու կոչ են արել:
Հայտարարության հեղինակները մտահոգված են, որ արաբական մի շարք երկրներ թուրքական պետության ճնշումներին անհաղորդ, անտարբեր եւ լուռ են մնում:
Մտավորականներին հատկապես մտահոգում են Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելուն միտված Թուրքիայի փորձերը:
«Արաբական պետությունների լիգայի պայմանագրում նշված է, որ եթե մի երկիր ենթարկվում է բռնազավթման եւ ագրեսիայի, դրան պետք է վերջ տալ: Մինչեւ այժմ այս կապակցությամբ արաբական որևէ պետություն հայտարարություն չի արել: Անհրաժեշտ է անդրադառնալ այս հարցին եւ համարժեքորեն արձագանքել թուրքական պետության նկրտումներին»,- ասված է հայտարարության մեջ։